Արդեն մի շաբաթ է՝ Մարտունու Սայաթ-Նովայի փողոցի բնակիչները տարբերվող զարթուցիչ ունեն: Առավոտյան 7-ին արթնանում են մեկնարկող շինաշխատանքի ձայնից:
Ճանապարհը շահագործման կհանձնվի տարվա վերջին:
Կառավարությունը 2.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար 530 մլն դրամ է տրամադրել: Այն Մ10 միջպետականը շրջանցող ճանապարհն է:
Շանթ Ղուկասյան («Շանթ-Սեյրան» ՍՊԸ կազմակերպության գլխավոր ինժեներ) - Նախատեսված է կառուցել նոր կոյուղի, ջրահեռացման վաքեր, մայթեր և երթևեկելի մաս: Այս պահին կառուցվում է կոյուղագիծը, որից հետո կտանք տնային միացումները, այնուհետև՝ ջրահեռացումն ու մայթերը:
Շինարարության ընթացքին հետևելու էր եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հաջորդ կանգառը Մ11 Մարտունի-Վարդենիս միջպետական ճանապարհն էր, որտեղ շինարարական ակտիվ եռուզեռ է մայիսի կեսից:
Շանթ Ղուկասյան - Նախատեսված է հիմնանորոգվել Մ11 միջպետական Մարտունի-Վարդենիս ճանապարհի 0-5.9 կմ հատվածը, որից 1 կմ-ն կառուցվել է 2021-ին, մնացած 4.9 կմ նախատեսված է մինչև 2022-ի ավարտը: Չնայած աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում աշխատանքների ավարտը նախատեսել ենք հուլիսի ընթացքում:
Իրենց խոսքով՝ ճանապարհի 60 տոկոսից ավելին արդեն ասֆալտապատված է, 80 տոկոսից ավելին՝ նոր հիմք ունի:
Շանթ Ղուկասյան - Մեր ընկերությունը հանդիսանում է տվյալ ճանապարհը սպասարկող ընկերություն, ինչն ավելի շահագրգիռ է դարձնում աշխատանքները կատարել ավելի բարձր որակով:
Շինաշխատանքների որակին հետևեց, ճանապարհի հիմքի մասով որոշակի դիտարկումներ արեց նախարար Գնել Սանոսյանը: Մարտունի-Վարդենիս այս ճանապարհահատվածի հիմնանորոգման համար պետբյուջեից 732 մլն դրամ է հատկացվել:
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Ունենք հանձնարարություն և նպատակ Սևանի շուրջ ամբողջ ճանապարհահատվածն ունենալ բարձրակարգ ճանապարհ, և այս հատվածն էլ այդ կտորի մեջ է:
Գեղարքունիքում եղանակի պատճառով աշխատանքներն ավելի ուշ են սկսվում, քան մյուս մարզերում, բայց նախարարը վստահ է՝ սահմանված ժամկետում կավարտեն:
Գնել Սանոսյան - Սևանի շուրջ գտնվող ճանապարհահատվածում երկու խոշոր կտոր ունենք, մեկը սա է, մյուսը՝ Սևանից դեպի Լճափ հատվածը: Ունենք Մարտունիում, Գավառում աշխատանքներ, դեպի Վայոց ձոր հատվածում աշխատանքներ, մյուսները նախագծման փուլում են կամ ավելի փոքր տեղական ճանապարհներ են:
Նախարարը նշում է՝ նպատակ ունի բոլոր շինաշխատանքներին անձամբ հետևելու: Շեշտում է՝ պետությունը շահագրգռված է, ոչ միայն բարեկարգել ենթակառուցվածքները, այլև երաշխավորել դրանց երկարատև և որակով շահագործումը: