Այս տարի Միջին Արևելքի Եկեղեցիներու խորհրդի համաժողովը հիւրընկալեց նորին սրբութիւն Թուատրոս Բ. Ղպտի Ուղղափառ Եկեղեցւոյ պապը՝ առաջին անգամ ըլլալով Եգիպտոսի մէջ մասնակցութեամբ 27 եկեղեցիներու ներառելով երեք հայկական եկեղեցիներու պետերը, ինչպէս նաև միջազգային գործակից եկեղեցական ներկայացուցիչները։
Բացման նիստին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետը կարևորութեամբ շեշտեց շրջանէն ներս եկեղեցիներու գործակցութեան նոր մղում ու ծաւալ տալու հրամայականը՝ ըսելով թէ հսկայ տագնապներու դիմաց է Միջին Արևելքը, տագնապներ, որոնց անմիջականօրէն ենթակայ են նաև եկեղեցիները:
Խորհուրդը կը բաղկանայ Միջին Արևելքի չորս եկեղեցական «ընտանիքներէ»՝ Արևելեան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթողիկէ և Աւետարանական Եպիսկոպոսական։ Բոլոր կառոյցներուն ու յանձնախումբերուն մէջ յիշեալ «ընտանիքները» հաւասար չափով ու յաջորդաբար կը մասնակցին:
Փոլ Հայտոսթյան (Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ) - Հայ Եկեղեցիներու դերը շատ կարևոր էր այս բոլորին մէջ, որովհետև Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնն ու Հայ Աւետարանական Եկեղեցին 1974 թուին արդեն հիմնադիր եկեղեցի եղած էին և 1990ին Հայ Կաթողիկէ Եկեղեցիի Պատրիարքութիւնը անդամակցած էր մնացեալ Կաթողիկէ Եկեղեցիներու կողքին։
Վերապատուելի Դոկտ. Փօլ Հայտօսթեան ընտրուեցաւ Աւետարանական Եկեղեցւոյ ներկայացուցիչ։ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ կաթողիկոս Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Մինասեան` Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ներկայացուցիչ։
Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Մինասյան (Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք) - Մենք ինչպէս որ գիտենք, որպէս Եկեղեցի հայկական մեր մշակոյթը կապուած է մեր արմատներուն և մենք որևէ փոփոխութիւն չենք ըրած և ասիկա մնացած համայնքներուն և մնացած եկեղեցիներուն համար հարստութիւն մըն է, որով կը մօտեցնէ սովորութիւնները իրարու: Քոպտ եկեղեցին եթէ առնենք, միևնոյն ժամանակ կապուած են իրենց հին դրատիցիային, ինչ որ կը տեսնենք որոշ մօտիկութիւն նաև Հայ Եկեղեցւոյ, և այս եղբայրութիւնը, որ կայ այս երկու եկեղեցիներուն, կը ցոլայ նաև մնացածներին՝ տալով իրենց համար նոյն մշակոյթը և նոյն հարստութիւնը:
Փոլ Հայտոսթյան - Միջին Արևելքի մէջ հայը լուսանցքային չէ։ Հայ Եկեղեցիները` Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն, Կաթողիկէ Եկեղեցի, Աւետարանական Եկեղեցի, ունին կարևոր դեր հանդարտեցնող, երկխօսութիւն ստեղծող, ծառայութեան մղող և իրենց պատմական ջահը, իրենց պատմական կրակը, Ցեղասպանութեան փորձը, տեղահանութիւնը, անիրաւուած ըլլալու իրականութիւնը միաժամանակ միշտ յաղթական դուրս եկող, յարութիւն փնտռող, զօրութիւն փնտռող ժողովուրդին ամրութիւնը, վերահաստատումը փնտռող եկեղեցիներու վկայութիւնը մենք կը բերենք Միջին Արևելեան ընդհանուր եկեղեցիներու կեանքին մէջ։
Համաժողովի ընթացքին տեղի ունեցաւ երկխօսութիւն, քննարկուեցան Միջին Արևելեան կրօնական հարցեր, տնտեսական զարգացում, ընկերային ծառայութիւն, աստուածաբանական խնդիրներ և կոչ ուղղուեցաւ, որ քրիստոնեաները իրենց առաքելութիւնը տեսնեն միաւորուած կերպով, համագործակցին և տէր դառնան ծանր կացութեան մատնուած Միջին Արևելեան, յատկապէս քրիստոնեայ ընկերութիւններուն։
Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Մինասեան - Գոյավիճակը քաղաքական, ֆինանսական և հիւանդութեան և այս վիրուսներու պայքարը, որ կայ կերպով մը քանդեց մասամբ մեր հասարակական կեանքը և առաւել նաև վտանգը եղաւ այդ քաղաքական և ֆինանսական հարցերը մարդիկ դէպի օտարութեան ափերը երթալու, որպէսզի իրենց հացը ապահովեն և ասիկա որպէս Հայ Եկեղեցի, որպէս հայ հասարակութիւն մեծ մտահոգութիւն մըն է մեզի համար, և սակայն չեմ յուսահատիր ըսելու որ միջոցները պիտի փնտռուին և միասնականութեան մէջ պիտի գտնենք:
Միջին Արևելքի հայ գաղութի մարտահրաւէրները դիմագրաւելու բանալին, դոկտ. Հայտոսթեանի կարծիքով՝ միասնութեան մէջ է:
Փոլ Հայտոսթյան - Եկեղեցին կեանք և իրականութիւն է ժողովուրդին կեանքին մէջ և պէտք է բերէ բարի լուրը Քրիստոսի, ոչ թէ անցեալի ապա այսօրուան իրականութեան մէջ։ Մեծ է մարտահրաւէրը, բայց մենք վստահ ենք, որ գործակցաբար որպէս մէկ Հայ Եկեղեցի, մէկ հայ ժողովուրդ մենք պիտի կարենանք նորոգուիլ, նորոգել մենք զմեզ ինքնաքննադատութեամբ, բայց նաև կառուցողական քրիստոնէական ոճով։
Եզրափակիչ նիստի ընդհանուր յայտարարութեան մէջ անդրադարձ կատարուեցաւ Միջին Արևելքէն ներս տիրող տագնապներուն, մարտահրաւէրներուն, ինչպէս նաև եկեղեցիներու միջև գործակցութիւնը աւելի ամրացնելու անհրաժեշտութեան։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան