Թուրքիոյ նախագահը տարեթիւիս Մայիսի վերջը Սուրիոյ հիւսիսը նոր ռազմական գործողութեան մը նախապատրաստուելու մասին յայտարարեց, ինչ որ Սուրիոյ մէջ բացասական ուժեղ արձագանգի արժանացաւ։ Ռեճեպ Թայէպ Էրդողանը այս ռազմական գործողութիւնը եւս կը պատճառաբանէ Սուրիոյ հիւսիսը 30 քմ. խորութեամբ անվտանգութեան գօտի ստեղծելու անհրաժեշտութեամբ։
Ռիտա Ալ Բաշա (Քաղաքական և ռազմական փորձագետ) - Նախ պետք է ճշտել, թե ի՞նչ է նշանակում «անվտանգության գոտի»: Հարց է` Թուրքիայի մտադրությունը «անվտանգության տարա՞ծք» ստեղծելն է, թե միջազգայնորեն ահաբեկչական համարվող խմբավորումների հավաքատեղի ստեղծելը: Որպես «անվտանգության գոտի» նախատեսված տարածքներում այսօր էլ կան տարբեր խմբավորումներ: Այդտեղ անվտանգության մասին խոսել հնարավոր չէ: Միայն վերջին ամսում անհայտ ոճրագործներն ավելի քան 450 մարդասպանություն են գործել:
Թուրքիոյ ռազմական այս գործողութիւնը Սուրիոյ մէջ իրականացուող թիւով 4-րդ է։ 2016 թուականէն ի վեր տարբեր գործողութիւններու հետևանքով Սուրիոյ հիւսիսը շարք մը շրջաններ անցան թրքական բանակի և անոր աջակցող զինեալ խմբաւորումներու վերահսկողութեան ներքև։
Ռիտա Ալ Բաշա - Սիրիական տարածքներում Թուրքիան մի շարք ռազմական հենակետեր ունի` Մանբիջի շրջակայքում` երկու, Բաբում` մեկ, Ջերաբլուսում՝ մեկ, Ազազում` երկու, ինչպես նաև այլ տեղերում: Այդ հենակետերը պահպանության վիճակից ռազմական պատրաստվածության վիճակի անցնելու կարիք ունեն: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի հավակնությունները դեռևս պետք է արժանանան շահագրգիռ բոլոր երկրների հավանությանը:
Ռազմական նոր գործողութեան պարագային թրքական և սուրիական ուժերու միջև առճակատումը չի բացառեր երկրի նախագահ Պաշար Ալ Ասատը։
Բաշար Ալ Ասադ (Սիրիայի նախագահ) - Եթե թուրքական ուժերը ներխուժեն սիրիական հողեր, կհակադարձենք նախ ժողովրդական դիմադրությամբ: Այն շրջաններում, որտեղ սիրիական բանակը ներկա է, այն իր ամբողջ ուժերով կդիմադրի ու հետ կմղի թուրքական ուժերին:
Էրտողանի ռազմական նոր նախաձեռնութիւնը ոչ միանշանակ կ՝ընդունուի նաև Ռուսաստանի ու Իրանի կողմէ, որոնք երկրի տարածքին ռազմական ներկայութիւն ունին և սերտօրէն կը գործակցին Սուրիոյ կառավարութեան հետ։
Ռիտա Ալ Բաշա - Ռուսական ռազմական օդանավերը Սիրիայում պարեկություն են իրականացնում երեկոյան ժամը 9-ից մինչև լուսաբաց, իսկ ցերեկը սահմանագիծը հսկում են ռուսական ուղղաթիռները: Հետևաբար Ռուսաստանի փոխանցած ուղերձները հստակ են: Իսկ Իրանն ու Հեզբոլլան, որպես ցամաքային ուժեր, վերջերս իրենց դիրքերն ամրացրել են:
Ինչ կը վերաբերի երկրի հիւսիս-արևելքը քրտական ուժերու` ՔԱՍԱՏԻՆ կողմէ գրաւուած տարածքներուն վրայ Թուրքիա հնարաւոր յարձակման, ապա տուեալ պարագային քիւրտերը ստիպուած կ՝ըլլան առանձին գործել, քանի որ ի տարբերություն ամերիկեան ուժերէն, այդ շրջանին մէջ սուրիական և ռուսական ուժերը սահմանափակ ներկայութիւն ունին, իսկ իրանեան կամ Հազպ Ուլայի ուժեր չկան։
Ռիտա Ալ Բաշա - Մինչ օրս ԱՄՆ-ի բոլոր շփումները քրդական ուժերի հետ հաստատում են, որ նրանց համաձայնությունն ուղղված է Իսլամական պետության դեմ պայքարին: Դա հաստատեց նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը քրդական ուժերի ղեկավարի հետ ունեցած շփումների ընթացքում, որից հետո նա նաև կոչ ուղղեց Թուրքիային՝ այդ նահանգներում լարվածությունը նվազագույնի վրա պահել:
Փորձագէտերու կարծիքով՝ Թուրքիոյ ղեկավարութիւնը հեռու գացող նպատակներ ունի, և քայլ առ քայլ կը փորձէ հասնիլ անոնց իրականացման։
Աբդուլ Քարիմ Աբայտ (Սիրիայի լրագրողների միության գործադիր մարմնի անդամ) - Թուրքիայի ամբողջ ծրագիրը հիմնականում մեկ նպատակ է հետապնդում` տարածաշրջան վերադառնալ Օսմանյան երազներով, սակայն՝ նոր գործելակերպով: Էրդողանը պատերազմի սկզբում հայտարարեց, թե պիտի աղոթի Դամասկոսի պատմական Օմայադ մզկիթում, սակայն նրա երազները հօդս ցնդեցին՝ Սիրիայի ժողովուրդի, բանակի ու ղեկավարության ցուցաբերած դիմադրության շնորհիվ:
Թուրքիոյ ռազմական գործողութիւնները Սուրիոյ ժողովուրդի համար անընդունելի են և կ՝ընկալուին որպէս ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան և միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումներ։
Աբդուլ Քարիմ Աբայտ - Սիրիայի բանակը պատրաստ է պաշտպանելու սիրիական հողերը: Ոչ միջազգային օրենքով, ոչ միջազգային ընկալումներով Թուրքիան սիրիական տարածքներ գրավելու իրավունք չունի: Սիրիայի ղեկավարությունն այդ առումով խորհրդակցություններ է անցկացնում դաշնակից և բարեկամ երկրների հետ, հետևաբար երբ Էրդողանը «անվտանգության գոտի» ստեղծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, ապա սիրիական բանակը և կառավարությունը պաշտոնական դիրքորոշում կհայտնեն:
Սուրիոյ ղեկավարութիւնը եւս վճռական կեցուածք կը դրսևորէ։ Օրերս նախագահ Պաշար Ալ Ասատը յայտարարած է, որ կառավարութիւնը երկրի գրաւուած շրջաններու ազատագրման քաղաքական և ռազմական ծրագիրներ ունի և լաւատութիւն յայտնած է զանոնք աստիճանաբար կեանքի կոչուելու ուղղութեամբ։
Մարիա Գաբրիելյան