«ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ». ԵՄ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԸ
Եվրամիության հունիսի 23-24-ը կայացած գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել քաղաքական համայնքի ստեղծման օգտին: «Սա այլընտրանք չէ կառույցին անդամակցությանը»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Գաղափարի հեղինակը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պարզաբանել է, որ նախաձեռնությանը կմիանան Մոլդովան և Ուկրաինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի երկրները, այն պետությունները, որոնք վերջերս են լքել ԵՄ-ն կամ նոր են ցանկանում միանալ կառույցին, Արևելյան Բալկանների երկրները, որոնք դեռևս չունեն ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամները։
Նրա խոսքով՝ «Եվրոպական քաղաքական համայնքի» ձևաչափով առաջին հանդիպումը կանցկացվի Չեխիայում։
ԱՆԿԱՐԱՅԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ ԵՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ
Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթնաժողովին Անկարային վերաբերող որոշումները կողմնակալ են՝ ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Էգեյան ծովի վերաբերյալ ծայրահեղական և անօրինական թեզերը օրինականացնելու Եվրամիության փորձերն անընդունելի են»,- ընդգծել են գերատեսչությունում՝ նկատի ունենալով, որ Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի կղզիների և դրանց ռազմականացման շուրջ խնդիրների կարգավորման հարցում Բրյուսելը Հունաստանի կողմից է։
«Այդ որոշումները ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլև խաթարում են տարածաշրջանային կայունությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Անկարան ողջունել է Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, սակայն տարօրինակ է որակել այն փաստը, որ Միությունն այդ հարցով բանակցություններ չի սկսել Ալբանիայի, Մակեդոնիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ։
ՌԴ-Ն ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ ԴՈՆԲԱՍՈՒՄ. ԲԼԻՆՔԵՆ
Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայում կարգավորման ցանկացած դիվանագիտական նախաձեռնության, սակայն Ռուսաստանն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բեռլինում «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
«Մենք ամրապնդում ենք Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում, որպեսզի նա ամուր դիրքեր ունենա նաև բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Էնթոնի Բլինքենը, հավելել՝ Արևմուտքը միասնական է հակառուսական պատժամիջոցները խստացնելու հարցում։
Պետքարտուղարը, այնուհանդերձ, խոստովանել է, որ ռուսական կողմը որոշակի ռազմական հաջողությունների է հասնել Դոնբասում։ «Դա անհանգստացնում է եվրոպական և մի շարք այլ երկրների։ Սակայն Ռուսաստանի ներկայիս հաջողությունները որոշիչ չեն»,- համոզմունք է հայտնել Բլինքենը։
ՌԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՆԽԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Եվրամիությունը, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելով, վերահաստատել է ԱՊՀ տարածքի աշխարհաքաղաքական յուրացման և Ռուսաստանին զսպելու իր նպատակները։ Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
«Նրանք չեն մտածում նման քայլի բացասական հետևանքների մասին։ ԵՄ-ն էլ ավելի է նպաստում Ուկրաինայում ռազմական գործողության շարունակմանը»,- ընդգծել է Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը փորձում է կանխել միջուկային պատերազմի ցանկացած հնարավորություն։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3000 ՀԱ ՏԱՐԱԾՔ
Թուրքիայում՝ Մարմարիսի մերձակայքում անտառային հրդեհները շարունակվում են. այրվել է ավելի քան 3000 հա տարածք: Այս ֆոնին ակտիվացել են նաև հրդեհների համար մեղավորներին պատժելու, անգամ մահապատժի ենթարկելու հանրային կոչերը։ Չնայած մահապատիժը Թուրքիայում վերացվել է դեռ 2004 թ.՝ Մարմարիսում նախագահ Ռեջեփ Էրդողանը չի բացառել դրա վերականգնման հնարավորությունը: «Այդ հարցը պետք է քննարկվի»,- հայտարարել է նա:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անտառը հրկիզելու մեղադրանքով ձերբակալվել է 34-ամյա Սաջիթ Այհանին․ նա հայտնել է, որ նման քայլի է գնացել ալկոհոլի ազդեցության տակ՝ ընտանիքի անդամների հետ վեճից հետո։ Վերջին տվյալով՝ հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ
Բողոքի ակցիաներ են Միացյալ Նահանգներում․ հազարավոր մարդիկ հավաքվել են ԱՄՆ Գերագույն դատարանի դիմաց, որը նախօրեին չեղյալ է հայտարարել 1973 թ. ընդունված որոշումը, որն օրինականացնում էր հղիության արհեստական ընդհատումներն ամբողջ երկրում: Վաշինգտոնում և Միացյալ Նահանգների այլ խոշոր քաղաքներում ցուցարարները կոչ են արել չզրկել կանանց ընտրության իրավունքից, երբ խոսքը երեխա ունենալու մասին է։
Ըստ որոշման՝ այժմ այդ հարցը կարգավորվելու է առանձին նահանգների մակարդակով։ The New York Times-ի տվյալով՝ վճռից հետո հղիության արհեստական ընդհատման արգելքն ուժի մեջ է մտել ԱՄՆ վեց նահանգում։
Ջո Բայդենը խստորեն դատապարտել է ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռը։
«Դատարանն այս որոշմամբ 150 տարով հետ է տանում Ամերիկան։ Կոչ եմ անում Կոնգրեսին դաշնային օրենք ընդունել, որը կերաշխավորի երկրում կանանց՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքը»,- ասել է նախագահը։