Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Իրանում հանդիպել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Հանդիպման առանցքային թեման եղել են 2015 թ. միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները: Բորելի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսին Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մի քանի օրվա ընթացքում վերսկսել միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացը։
Վիեննայում 11 ամիս տևած բանակցությունները դադարեցվել են մարտին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների պատճառով: Իրանը Վաշինգտոնից պահանջում է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Այցի շրջանակում Բորելը հանդիպումներ կունենա նաև իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: