Գլինկայի 3 հասցեի տեխսպասարկման կետում ավտոմեքենայի երեկվա պայթյունի հետևանքով հոսպիտալացված 5 քաղաքացիներն ունեն երկրորդ, երրորդ և երրորդ բ կարգի վերին և ստորին վերջույթների, նաև շնչուղիների այրվածքներ:
Նրանցից երկուսի առողջական վիճակում դրական դինամիկա կա. հետագա բուժման համար այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն այրվածքաբանության բաժին: Քաղաքացիներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Բժիշկները պայքարում են հիվանդների առողջության համար:
Կարինե Բաբայան (այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - էստեղ մեկ հիվանդ է ծանր՝ ծայրահեղ ծանր, ունի 69 տոկոս այրվածքային մակերես, շնչուղիներն էլ՝ հետը, հիմա իր կյանքի համար ենք պայքարում:
ԱԻՆ հերթափոխի պետը քարտեզի վրա ցույց է տալիս դեպքի վայրը: 911-ը ահազանգը ստացել է 14.17-ին: Նախնական տվյալով՝ Toyota Camry մակնիշի մեքենայի պայթյունի պատճառը գազի արտահոսքն է;
Արա Սահակյան (ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հերթափոխի պետ) - Նախնական վարկածով՝ տեղի է ունեցել գազի կուտակում արտահոսքով, ինչի հետևանքով եղել է պայթյունը: 5 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, այրվածքներ: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Հարևանությամբ աշխատողների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարպետը ստուգելիս է եղել մեքենայի անիվների բացվածքը, գազաբալոնային համակարգի հետ աշխատանք չի եղել:
Գազի արտահոսքը փորձել են կանխել նաև հարևան տեխսպասարկման կետերի վարպետները: Դեպքի առիթով քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: