ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի և Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամների հետ:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման օրակարգ:
Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների, ինչպես նաև Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձևի համար:
Կողմերը քննարկել են օրակարգային առաջնահերթություններ ունեցող մի շարք հարցեր՝ ի նպաստ երկու երկրների բազմոլորտ համագործակցության խթանման: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Երևանում ADA-ի (Ավստրիական զարգացման գործակալության) լիարժեք համակարգող գրասենյակի բացմանը՝ գնահատելով դրա կարևորությունը:
Ալեն Սիմոնյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ավստրիական ընկերություններին, որոնք կցանկանան մուտք գործել հայկական շուկա: Երկուստեք բարձրաձայնվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու շահագրգռվածությունը՝ առաջնահերթ նշանակություն տալով միջխորհրդարանական կապերի և շփումների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերին:
Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ավստրիացի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար հարցերի լուծմանը: «Այս հարցերը ներառում են առնվազն 4 տասնյակ հայ ռազմագերիների և այլ ձերբակալվածների ազատ արձակումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանն Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը և կցուցադրի Ավստրիայի ներդրումը հակամարտությունների գոտիներում անհետացման վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերում»,- եզրափակել է նա:
Գործընկերներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և այդ կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներին: