Երկուշաբթիից մինչև գալիք երկուշաբթի կոլորիտային քաղաքի մեծ համերգասրահներում հնչում են բացառապես դասական երաժշտության մեղեդիներ՝ «Արտշաբաթ» փառատոնի շրջանակում։ Այն առաջին անգամ անցկացվեց 2019 թվականին: 2020-ի և 21-ի ընդմիջումներից հետո «Արտշաբաթի» վերադարձը սպասված էր:
Լիլիթ Թովմասյան (Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու) -
Այս քաղաքը չի հանդուրժում դասական երաժշտության պակասը, և դրա պահանջն իրապես կար։ Մեր նպատակն էր ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կտրվեր համախմբվել բոլոր այն օղակներին և հաստատություններին, ովքեր իրականացնում են երաժշտական կրթություն՝ դպրոցներ, միջին, բարձրագույն ուսումնական հաստատություններ, ստեղծագործական խմբեր և համույթներ, որոնք գործ են իրականացնում:
«Արտշաբաթի» բացումն ազդարարեց «Խաչատրյան տրիոն»՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր),Կարեն Շահգալդյան (ջութակ) և Արտյոմ Իոաննիսյան (թավջութակ):
Լիլիթ Թովմասյան - Փառատոնի բացումը Գյումրիում՝ «Խաչատրյան տրիոյի» մեզ համար փնտրված և սպասված ներկայությամբ, միջազգային բեմահարթակներում նվագած և միջազգային ճանաչում ունեցող արտիստներ են, և սա էլ փառատոնի նպատակներից մեկն է եղել, որ չսահմանափակվենք Գյումրիում գործ ծավալելով, այլ մեծացնենք աշխարհագրությունը և բարձրացնենք նշաձողը։ «Խաչատրյան տրիոյի» մասնակցությունն այսօր այդ բանի վկայությունն է։
Փառատոնը ոչ միայն կայացած երաժիշտներին ունկնդրելու հնարավորություն է տալիս, այլև ինքնարտահայտման հարթակ է ստեղծում աշակերտական խմբերի, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։
Ասլամազյան քույրերի պատկերասրահի մեծ դահլիճի բեմահարթակում Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ու պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։
Մարինե Խաչատրյան (Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանող) - Նվագեցի Հայդն, կվարտետային ժանրում, իմ համար անփոխարինելի ժանր է, այս ամենը, որ այսօր ներկայացանք, կես տարվա աշխատանքի արդյունք էր:
Անաիդա Զաքարյան (Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանող) - Շատ պատասխանատու էր աշխատել այդ ժանրում, նվագում էի առաջին ջութակ, այնքան պատասխանատու գործ էր:
Ութ օր շարունակ Գյումրիի համերգասրահները, մեծ դահլիճները, թանգարանների բակերը դասական կատարողներինն ու ունկնդիրներինն է։
Պարգև Չոլախյան (Գյումրիի Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրեն) - Շատ ուրախալի է, որ մեր քաղաքում նորից մարդիկ սկսում են դրա պահանջը զգալ, շատ խնդիրներ, ազգային հարցեր կան, բայց առանց արվեստի հնարավոր չէ:
Սուսաննա Հարությունյան (երաժիշտ-տեսաբան) - Մենք միշտ մասնակցում ենք այս համերգներին և շատ մեծ հոգեկան բավարարություն ենք ստանում:
«Արտշաբաթի» բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։