Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց հավաքված հազարավոր ցուցարարներ հորդորել են երկրի իշխանություններին կատարել Եվրամիության պահանջները՝ կառույցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Հավաքվածները պնդել են, որ եթե կառավարությունը կես տարվա ընթացքում համապատասխան բարեփոխումներ չիրականացնի, իրենք բողոքի անժամկետ երթեր կսկսեն։
Տեսակապի միջոցով ցույցի մասնակիցներին են դիմել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և պատգամավոր Դավիթ Արախամիան, որին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել էր Թբիլիսիին Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը խոչընդոտելու համար։
«Ուկրաինան ստացել է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, դուք էլ այդ ճանապարհին եք։ Մենք ձեզ կօգնենք»,- բողոքի ակցիայի մասնակիցներին ասել է Ուկրաինայի նախագահը և վրացերեն հավելել՝ «Ուկրաինան և Վրաստանը միշտ միասին են»։
Դավիթ Արախամիան էլ կոչ է արել վրաց ժողովրդին ավելի մեծ ուշադրություն դարձնել ներկայիս կառավարության գործողություններին։