ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ հավաքվել են Գերագույն դատարանի դիմաց, որը նախօրեին չեղյալ է հայտարարել 1973 թ. ընդունված որոշումը, որն օրինականացնում էր հղիության արհեստական ընդհատումներն ամբողջ երկրում: Վաշինգտոնում և ԱՄՆ խոշոր այլ քաղաքներում ցուցարարները կոչ են արել չզրկել կանանց ընտրության իրավունքից, երբ խոսքը երեխա ունենալու մասին է։
Ըստ որոշման՝ այժմ այդ հարցը կարգավորվելու է առանձին նահանգների մակարդակով։ The New York Times-ի տվյալով՝ վճռից հետո հղիության արհեստական ընդհատման արգելքն ուժի մեջ է մտել ԱՄՆ վեց նահանգում։
Նախագահ Ջո Բայդենը խստորեն դատապարտել է ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռը։
«Դատարանն այս որոշմամբ 150 տարով հետ է տանում Ամերիկային։ Կոչ եմ անում Կոնգրեսին դաշնային օրենք ընդունել, որը կերաշխավորի երկրում կանանց՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքը»,- ասել է նախագահը։