Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել կառավարության հայցն ընդդեմ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու: Դատարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հստակեցնել Վրաստանի նախագահի և կառավարության լիազորությունների շրջանակը:
Վրաստանի կառավարությունը Սահմանադրական դատարան էր դիմել հունիսի 7-ին: Պատճառը իրավական անորոշությունն էր, որը ծագել էր, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել էր մի շարք երկրներում դեսպան նշանակել կառավարության առաջարկած մարդկանց։
Կառավարությունը նշում է, որ դեսպանի թեկնածուների ընտրությունը գործադիր իշխանության իրավասությունն է, իսկ նախագահը խորհրդանշական կերպար է և օժտված չէ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականությունն իրականացնելու ուժով։