Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, քննարկել Դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցերը:
Էրդողանը կրկին պնդել է, որ Ստոկհոլմն ու Հելսինկին հստակ քայլեր ձեռնարկեն Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, վերացնեն Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում սահմանված արգելքները և այլ սահմանափակումներ:
Թուրքիայի նախագահը նույն հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել նաև Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ: Նշվում է, որ Անկարայում չեն տեսնում Շվեդիայի դիրքորոշման մեջ փոփոխություններ, որոնք կվերացնեն Թուրքիայի մտահոգությունները:
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը նախատեսվում է քննարկել հաջորդ շաբաթ Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին: