Հունիսի 23-24-ը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովին Անկարայի դեմ կայացված որոշումները կողմնակալ են՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարության մեջ։
«Միջերկրական ծովի արևելյան հատվածի և Էգեյան ծովի վերաբերյալ ծայրահեղական և անօրինական թեզերը օրինականացնելու Եվրամիության փորձերն անընդունելի են»,- ընդգծել են գերատեսչությունում՝ նկատի ունենալով, որ Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի կղզիների և դրանց ռազմականացման շուրջ խնդիրների կարգավորման հարցում Բրյուսելը Հունաստանի կողմից է։
«Այդ որոշումները ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլև խաթարում են տարածաշրջանային կայունությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Անկարան ողջունել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, սակայն տարօրինակ է որակել այն փաստը, որ Միությունն այդ հարցով բանակցություններ չի սկսել Ալբանիայի, Մակեդոնիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ։