ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանում: Ելույթում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
2021 թ. սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է բանաձև, որտեղ, ի թիվս այլ ամրագրումների, ասվում էր, մեջբերում եմ.
6.1. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ունեն հստակ ամրագրված պարտավորություններ՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
6.2. Համարում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերությունից:
6.7. Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց հետագա նախապայմանների:
Հարգելի՛ գործընկերներ, փաստ է, որ հայկական կողմն այս հարցում լիովին կատարել է իր պարտավորությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ վերադարձնելով բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Նույն բանաձևով Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձներ բոլոր ականների քարտեզները՝ այս հարցում հետագա զոհերից խուսափելու նպատակով, ինչը հայկական կողմը կատարել է 100 տոկոսով:
Մենք այդ քայլին գնացինք, քանի որ դա համարում ենք բացառապես մարդասիրական քայլ, որը չի կարող և չպետք է սակարկության առարկա դառնա:
Մինչդեռ այս բանաձևի ընդունումից մոտ մեկ տարի անց Ադրբեջանը դեռ պատանդի կարգավիճակով է պահում առնվազն 38 ռազմագերու՝ Հայաստանի հետ խաղաղության շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ քաղաքական որոշ առավելություն ունենալու նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մարդկային կյանքին որպես սակարկության առարկա վերաբերվելու այս սարսափելի և ցավալի արարքը 21-րդ դարում իրականացվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետության կողմից:
Ուզում եմ հիշեցնել, որ Եվրախորհրդին անդամակցելու պայմաններն են բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հարգանքը, մարդու իրավունքների պաշտպանությունը:
Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել Եվրախորհրդին:
Ձեր սուբյեկտիվ գնահատականին կթողնեմ մի երկրի բազմակարծիք ժողովրդավարության աստիճանը, որը կառավարում են միևնույն ընտանիքի անդամները ավելի քան 30 տարի և, ամենայն հավանականությամբ, դեռ 30 տարի շարունակվելու է այս «գեղեցիկ» ավանդույթը:
Այնուամենայնիվ, իմ համոզմունքն այն է, որ ի սկզբանե այս անամոթ պահվածքի պատճառն Ադրբեջանի պատմական արձանագրություններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների իսպառ անտեսման մեջ է:
Որովհետև վերջինս միակ մշտական մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը՝ մարդու իրավունքների հարգանքը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ ամոթալի վիճակագրության վրա. վերջին տասը տարիների ընթացքում ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների 97 տոկոսը չի կատարվել Ադրբեջանի կողմից: Իսկ ամոթալի ասելով՝ նկատի ունեմ ամոթալի այս խորհրդի համար, քանի որ սա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկեր Ադրբեջանի նկատմամբ նոր հարկադրական մեխանիզմներ ներդնելու կամ ուղղակի մերժելու Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը:
Ի վերջո, եթե Ադրբեջանի կողմից զրոյական ջանքեր են գործադրվում անդամակցության պայմաններից որևէ մեկը կատարելու համար, որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է Ադրբեջանը դեռ Եվրախորհրդի անդամ:
Շնորհակալություն ուշադրության համար»: