Հացիկցիները գյուղի մշակույթի պալատում վերջին անգամ եղել էին խորհրդային տարիներին: Դրանից հետո շենքն անուշադրությունից քայքայվել էր. չէր պահպանվել գոնե մի սենյակ, որ միջոցառումներ կազմակերպեին: Տանիքից սկսած՝ ոչ մի բան չկար: Պետության և համայնքի համաֆինանսավորմամբ Հացիկի մշակույթի պալատը երկրորդ կյանք ստացավ: Ամբողջությամբ փոխվեց շենքի տանիքը, տեղադրվեցին նոր դռներ ու պատուհաններ, հիմնանորոգվեցին հանդիսությունների սրահն ու խմբակների համար նախատեսված սենյակները: Նորոգված շենքը համայնքի բնակիչներին հնարավորություն է տվել վերականգնել մոռացված ավանդույթները: Մշակութային կյանքը Հացիկում ակտիվության նշաններ է ցույց տալիս:
Արթուր Եղիազարյան (Հացիկի վարչական ղեկավար) - Հիմա ունենք նկարչական ստուդիա, անցած տարվանից գործում է քիգբոքսինգի խմբակը, ունենք պարի խումբ, որն այս տարի ինչ-ինչ պատճառներով չի գործում, բայց նոր թիմ է հավաքվում, շուտով կգործի:
Հին ու մաշված է, սակայն, մշակույթի պալատի գույքը: Գյուղում հույս ունեն, որ Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարությունը կօգնի դահլիճի համար նոր աթոռներ ու վարագույրներ ձեռք բերել: Նոր չէ, բայց նորոգված է մշակույթի տանը տեղակայված համայնքային գրադարանի գույքը: Դրանց էլ թարմ շունչ են տվել գյուղի դպրոցականները:
Ինեսա Ֆրանգուլյան (դպրոցական) - Դպրոցականներով մասնակցում էինք COAF-ի ծրագրին, որի միջոցով սովորում էինք բիզնես գիտելիքներ, որը հետո կիրառելու էինք գյուղի բարելավման համար: Խմբով որոշեցինք, որ հարմար է՝ գրադարանը վերանորոգենք:
Նարե Ալուլյան (դպրոցական) - Պատռված գրքերը սոսնձեցինք, ներկեցինք գրապահարանները և նոր շունչ տվեցինք գրադարանին:
Գրադարանը, որ նախկինում անմխիթար պայմաններում էր, տեղափոխվել է այլ սենյակ և հիմնանորոգվել: Մինչև նորոգումը գոյություն չունեցող տանիքից արձրևաջրերը թափվում-թրջում էին գրքերն ու կահույքը: Իսկ հիմա ոչ միայն խնդիրն է վերացել, այլև հարմարություններ են ստեղծվել թե՛ ընթերցանության, թե՛ խաղերի ու ժամանցի համար:
Նունե Գևորգյան (Հացիկի գրադարանի վարիչ) - Ունենք մանկական անկյուն, մեծերը փոքրերի համար հեքիաթներ են կարդում, ընթերցանություն կազմակերպում:
Մշակույթի տան և գրադարանի բացումը մեկնարկեց Չարենցին նվիրված հոբելյանական միջոցառմամբ: Վերականգնվող ակումբում այսուհետ նոր մտքերի իրագործման պակաս չի լինի: