Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ այցելել է զորքերի գլխավոր վարչություն: Երկրի ղեկավարը եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների:
Փաշինյանը եղևնի է տնկել պուրակում, ծանոթացել է ոստիկանության զորքերի սպառազինությունում առկա հրաձգային զինատեսակներին և այլ տեխնիկական միջոցներին:
Վարչապետը շնորհավորել է ծառայողներին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ, ապա անդրադարձել զորքերի կարևորությանը երկրի անվտանգության գործում:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՈՂՆԱՇԱՐՆ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ես դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, սա հատուկ եմ շեշտում, երբ Ոստիկանության հետ ուղիղ առնչվող ճգնաժամային իրավիճակ կար, ամբիոնից հայտարարել եմ, որ Ոստիկանությունը, ինչպես ցանկացած պետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ողնաշարն է: Եվ պիտի արձանագրեմ, որ Ոստիկանության զորքերը, եթե ավելի ճշգրիտ արտահայտվենք, հենց Ոստիկանության ողնաշարն է: Շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր Ոստիկանությունը՝ ընդհանուր առմամբ, և Ոստիկանության զորքերը՝ մասնավորապես, անընդհատ և հետևողականորեն ցույց են տալիս իրենց ամրությունը, իրենց վճռականությունը, հաստատակամությունը և նվիրվածությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգին, Սահմանադրությանը և ժողովրդին: Սա գնահատանքի արժանի ծառայություն է, որովհետև հանրային անվտանգության և կայունության ապահովումը ոչ պակաս կարևոր գործառույթ է, քան արտաքին սահմանների պահպանությունը և պաշտպանությունը: Չնայած, ինչպես նշվեց, այս գործառույթում նույնպես Ոստիկանության զորքերն իրենց ներդրումն են ունեցել:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Նիկոլ Փաշինյանը ծառայողներին շնորհակալություն է հայտնել վճռականության և հետևողականության համար, համոզմունք հայտնել, որ նրանք հայրենիքին, պետությանը, ժողովրդին ծառայությունը կիրականացնեն պատվով, արժանապատվությամբ և նվիրվածությամբ:
Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք շատ կարևոր մի փուլում ենք գտնվում, երբ Ոստիկանությունը, նաև Ոստիկանության զորքերը բարեփոխումների շատ կարևոր ճանապարհ պիտի անցնեն: Բայց այդ բարեփոխումների կարևորագույն և անկյունաքարային դրույթներից մեկը պիտի լինի, ընդհանուր առմամբ, Ոստիկանության և Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների հարցը, որովհետև բոլորս ունենք համոզմունք, որ այդքան գնահատելի ծառայություն իրականացնող մարդիկ և նրանց ընտանիքները պիտի ունենան սոցիալական որոշակի, վստահելի երաշխիքների համակարգով ապահովվածություն: Ընդ որում՝ այս քաղաքականությունը վերաբերում է բոլոր ուղղություններին: Այսօր Ոստիկանության զորքերի օրն է, Ոստիկանության մասին ենք խոսում, բայց նույնը վերաբերում է մեր իրավակարգին, պետական կարգին, անվտանգության ապահովման բոլոր ծառայություններին: Մենք հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով:
Երկրին ու ժողովրդին ոտնձգություններից պաշտպանելու գործառույթը ոստիկանությունը կատարում է բարձր մակարդակով և ճշգրտորեն՝ ընդգծել է երկրի ղեկավարը:
Այնուհետև Փաշինյանը ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ երկարամյա անբասիր ծառայության համար Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարիկ Միրզոյանին պարգևատրել է վարչապետի հուշամեդալով:
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար, Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ պարգևատրվել են Մարտական ծառայության և «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալներով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան