Ֆրանսիացի փոփ երգչուհի ZAZ-ը, ում համեմատում են Էդիտ Պիաֆի հետ, Երևանում է։ Մեկնարկում է նորաստեղծ «ՀԱՅԱ» երաժշտական փառատոնը, որի ընթացքում համաշխարհային աստղերը ելույթ կունենան հայ հանդիսատեսի համար։ Երևանում Զազի առաջին մենահամերգը կլինի հունիսի 25-ին։
Զազ (երգչուհի) - Շատ հուզված եմ, որ գտնվում եմ Հայաստանում, քանի որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է։ Այստեղ գտնվելը շատ լավ է, բայց նաև շատ պատասխանատու։
Զազը հայ հանդիսատեսի համար ելույթ է ունեցել նաև 2018 թվականին։ Այն ժամանակ հեռանալիս շատ էր հուզվել։ Կարծում է, որ հունիսի 25-ին հանդիսատեսը կլիցքավորվի իր էներգիայով։
Զազ - Իմ ձայնի մեջ կա ինչ-որ մի բան, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, և նոր բան։ Այդ խառնուրդն էլ դուր է գալիս մարդկանց։
Զազի համերգը կանցկացվի Երևանի «Հրազդան» մարզադաշտում, որը փառատոնի համար բարեկարգվել է, պատրաստ է ընդունել համաշխարհային աստղերի։
Սոնա Հովհաննիսյան («ՀԱՅԱ» փառատոնի հիմնադիր) - Ստադիոնի մի մասն ենք օգտագործում։ Մյուս համերգներին, կարծում եմ՝ կհասնենք տրիբունաներին, ամբողջությամբ կօգտագործենք։ Սա մեր քաղաքի միակ վայրն է, որտեղ այսքան քանակով՝ 54.000 աթոռ, նաև դաշտը (դա կարող է 70.000 հոգի լինել), կարող են համերգ լսել։
Համերգի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը, հայ երաժիշտ Պարգը։ Հրավիրվել է դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Զազի ցանկությամբ երեկոյի ընթացքում կհնչի իր սիրելի հայկական դուդուկը։ Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ փառատոնի շնորհիվ Հայաստանն աշխարհին ճանաչելի կդառնա որպես մշակութային կենտրոն։
Սոնա Հովհաննիսյան - «ՀԱՅԱ»-ն ունի բացօթյա համերգների հնարավորություն ամռան ու աշնան ամիսներին, երբ տաք է։ Երեք համերգով անցում կկատարենք աշուն։ Աշնանը կլինեն մեկ-երկու համերգներ շատ մեծ աստղերի, որոնց համար Հայաստանը կդառնա տուրիստական ամենաակտիվ վայրերից մեկը։
Նշում է, որ համերգին մասնակցելու համար հյուրեր կան Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից։ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի ռեփեր 50 Cent-ի համերգը, հուլիսի 9-ին՝ Led Zeppelin Symphonic-ի։ Փառատոնի հիմնադիրը դեռ չի նշում, թե որ աստղերը կժամանեն Հայաստան սեպտեմբերին։ Նրանց անունները կհրապարակվեն շուտով։
Հեղինակ` Անի Ավագյան