Բժշկի նշանակած դեղը դեղատնից հնարավոր կլինի գնել ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային դեղատոմսով: Հայաստանի պոլիկլինիկաներում համակարգն արդեն ներդրվել է:
Ծաղկանուշ Սարգսյան (ՀՀ ԱՆ ԱԱԻ էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար) - Շաքարային դիաբետով հիվանդները և մնացած խրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտները, որոնք ստանում են անվճար դեղեր, այսինքն՝ պետության կողմից գնված դեղեր, իրենք արդեն բոլորը էլեկտրոնային դեղատոմսով են ստանում դեղերը:
Հաջորդ փուլերում էլեկտրանային համակարգը կհամալրվի բոլոր դեղերի տեսակներով, և փուլ առ փուլ կներդրվի բուժհաստատություններում: Էլեկտրոնային դեղատոմսն այսպիսի տեսք ունի: «Արմեդ» համակարգում բժիշկը կարող է լրացնել այն, ու դեղատոմսը հասանելի կդառնա պացիենտին:
Գեորգի Ասատրյան («Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գործառնական բաժնի ղեկավար) - Տվյալների մեծ մասը լրացվում է ինքնաշխատ եղանակով դեղերի փորձագիտական կենտրոնի տրամադրած և պարբերաբար թարմացվող բազաների հիման վրա, որը դեղն ընտրելով՝ արդեն միանգամից լրացվում է համակարգում թե՛ դեղաչափը, թե՛ արտադրող երկիրը և այլն: Բուժաշխատողի մեխանիկական սխալի հավանականությունը զրոյանում է:
Դեղատոմսս կորցրի կամ բժշկի անընթեռնելի ձեռագրի պատճառով այլ դեղ գնեցի. այս խնդիրները ևս էլեկտրոնային տարբերակը կբացառի:
Ծաղկանուշ Սարգսյան - Ինչպես ընդունված է իրավական կարգավորումենրով, կա՛մ պացիենտը կարող է վերցնել, կա՛մ պացիենտի կողմից լիազորված անձը համակարգն այս ամբողջն ապահովում է: Պացիենտը կամ լիազորված անձը պետք է ներկայացնեն հանրային ծառայությունների համարանիշ կամ փաստաթուղթ անձը հաստատող, որով դեղագետը կարող է ճշտում կատարել:
Էլեկտրոնային դեղատոմսով սպասարկելու համար դեղատները պետք է պարտադիր ընդգրկվեն համակարգում:
Ծաղկանուշ Սարգսյան - Հաջորդ փուլով նախատեսում ենք այն դեղերը, որոնք պետական գնումներով են, երրորդ փուլում արդեն բոլոր հակաբիոտիկները, որոնք պարտադիր պետք է լինեն էլեկտրոնային դեղատոմսով: Մինչև 2023 թվականը եթե այս իմ ասած փուլերով ներդրումը գնա, շարունակությունը բավական հեշտ է լինելու:
Ինչպես լրացնել էլեկտրոնային դեղատոմսը, ինչպես դուրս գրել դեղ՝ դեղատոմսի հիման վրա: Այս թեմաներով բժիշկներն առցանց դասընթացների են մասնակցում: Մասնագետներն առաջիկայում ամբողջովին պատրաստ կլինեն էլեկտրոնային համակարգի ներդրմանը: