Մինչև օգոստոսի 1-ը գազով աշխատող մեքենաները լիցենզավորված ընկերություններում պարտադիր պետք է անցնեն փորձաքննություն, ստանան գազաբալոնի շահագործման անվտանգության լիցենզիա: Հակառակ դեպքում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը եթե ստուգի ու պարզի, որ լիցենզիա չունեցող մեքենա է լիցքավորվել, ապա և՛ վարորդը, և՛ գազալցակայանի տնտեսվարողը կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Գեղամ Շախբազյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար) - Լիցենզիայի կատարման, պահպանման նկատմամբ 100-200-ապատիկի չափով, այսինքն՝ 100-200 հազար դրամ տուգանք, ոչ հավաստի փորձաքննությունը 300-500 հազար դրամ և մի այլ վարչական պատասխանատվություն է ենթադրում նաև գազալցակայաններին, որոնք եթե լցավորեն փորձաքննություն չանցած գազաբալոնները, 200-ապատիկի չափով:
Եթե տարվա մեջ խախտումը կրկնվի երկրորդ և ավելի անգամ, ապա տուգանքը կկրկնապատկվի: Նախագիծը շուտով կդառնա Կառավարության որոշում և տեսչական մարմնի մասնագետներն օրենքով սահմանված կարգով հնարավորություն կունենան ստուգելու գազաբալոնով աշխատող մեքենաներն ու գազալցակայանները:
Գեղամ Շախբազյան - Առանձին վերահսկողական միջոցառումներ է նախատեսված ոչ հավաստի փորձաքննության եզրակացության նկատմամբ, որը ոչ թե ստուգումներով կանի, այսինքն՝ ստուգատեսով չի իրականացվի, այլ ընթացիկ վերահսկողական միջոցառումներով կիրականացվի վերահսկողություն, որից հետո կպարզվի՝ արդյոք տվյալ տնտեսվարողը տալի՞ս է բալոնների փորձաքննությունների կեղծ հավաստագիր, թե՞ չէ:
Տեսչականի մասնագետներն այսօր ստուգաթերթի հիման վրա լիցենզավորված ընկերություններից մեկում ուսումնասիրեցին՝ արդյոք տնտեսվարողը պահպանում է լիցենզիայի տրամադրման պայմանները: Գեղամ Շախբազյանը վստահեցնում է՝ լինելու են խիստ և հետևողական, որ նվազագույնի հասցնեն դժբախտ պատահարները, նաև հետևելու են, թե ինչ ճակատագրի են արժանանալու խոտանված բալոնները: Գազաբալոնների ստուգմամբ զբաղվող կայանի ղեկավարի պնդմամբ՝ իրենց աշխատանքում, պատասխանատվությունից բացի, պակաս կարևոր չէ խիղճը:
Արսեն Եգանյան (գազաբալոնների վկայագրման կայանի ղեկավար) - Ամեն կազմակերպություն ինքը պետք է իր խղճի հետ աշխատի, բայց տեսչականի ստուգումներն էլ ինչ-որ տեղ զգոնացնում են ավելի, քեզ պահում այն վիճակում, որ հանկարծ չթուլանաս, որովհետև պատասխանատվությունը, իրոք, շատ մեծ է՝ ելնելով իր վթարային վտանգի նշանակությունից:
Նոր փոփոխություններով՝ յուրաքանչյուր մեքենայի վարորդ գազաբալոնը պետք է ստուգի և նոր վկայագիր ձեռք բերի երկու տարին մեկ անգամ: Վարորդները հիմնականում պատրաստակամ են և օգոստոսի 1-ի ստուգման պարտադիր պայմանից չեն դժգոհում, ասում են՝ իրենց անվտանգությունն ավելի կարևոր է:
Թեև ժամկետանց գազաբալոնների առկայության վերաբերյալ այսօր վիճակագրություն չի վարվում, բայց տեսչականի մասնագետների համոզմամբ՝ օգոստոսից այդ հարցն էլ կլուծեն, ու ձևավորվող բազայի հիման վրա կհասկանան՝ ո՞ր մեքենան, գազի հետ կապված ի՞նչ խնդիր ունի, և երբ պետք է լիցենազավորման հերթական ստուգումն անցնի: