ԵԽԽՎ հերթական նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Պատգամավորն իր ելույթում ասել է.
«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող:
Ինչպես ընդունված է ասել՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, և, ցավոք, մինչ այս պահը փորձելով հանգստություն պահպանել այս նստաշրջանում՝ այժմ մեր ադրբեջանցի գործընկերները փորձում են հարձակվել մեզ վրա, և ես ստիպված եմ արձագանքել: Տիկի՛ն Արպադարայ, ես պարզապես ուզում եմ ասել, որ մենք եղել ենք, կանք և բաց կլինենք մեր տարածաշրջանում բոլոր տեսակի կապի և տրանսպորտի միջոցների բացման համար:
Բայց տիկնա՛յք և պարոնա՛յք, միջազգային իրավունքը պարզապես գլուխկոտրուկ չէ, որի միջից դուք կընտրեք ձեր հավանած կտորները և կասեք, որ այն միջազգային իրավունքն է: Միջազգային իրավունքը մեկ, եզակի երևույթ է, դուք չեք կարող կիսել դրա ոչ մի մասը: Տիկին Արպադարայն ասում է. «Ո՛չ, մեզ բաց շփում հարկավոր չէ, մեզ անհրաժեշտ է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք ունենալ, որովհետև պատմականորեն այն մեզ է պատկանում»:
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ սա նշանակում է. «Մենք ներկայացնում ենք մեր պահանջները, և եթե դուք չեք բավարարում դրանք, ապա մենք կնվաճենք ձեզ»: Մինչդեռ մենք բոլորս լուռ ենք, ոչ-ոք չի ցանկանում արձագանքել. այս հայտարարությունն ագրեսիայի ուղղակի կոչ է, դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք, ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք աջակցում ենք բոլոր տրանսպորտային և հաղորդակցության օբյեկտների բացմանը, բայց առանց ինքնիշխան միջանցքի տրամաբանության, քանի որ դա խաթարում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմքերը:
Ցավոք, պարոն Հուսեյնովը դահլիճում չէ: Մի քանի օր առաջ ես ասացի, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն խոսելու, այլև լսելու համար: Ես կարծում եմ, որ դուք պետք է այստեղ լինեք և լսեք: Երբ Շուշիում ստեղծված իրավիճակը համեմատում եք Ստրասբուրգի հետ, ապա բավարար է քայլեք Ստրասբուրգի փողոցներով և կտեսնեք, որ յուրաքանչյուր փողոց ունի երկու անուն՝ ցուցափեղկերի վրա ֆրանսերենով և գերմաներենով նշված, որովհետև այս երկիրը հարգում է այն մարդկանց, ովքեր ապրում են, և ովքեր կարող են ապրել այստեղ: Երբ դուք մեղադրում եք մեզ «Շուշին տարիներ շարունակ օկուպացնելու և ոչնչացնելու մեջ», մենք Ձեզ ցույց ենք տալիս Շուշիի հնագույն և շատ կարևոր մզկիթը վերանորոգված, իսկ դուք հակառակը՝ եկեղեցիներն եք ավերում, Շուշիի հայերեն անվանումն եք փոխում:
Տիկի՛ն Արփադարայ, ձեր բանտերում 38-ից ավելի ռազմագերի ունենք, քանի՞ անգամ եք այցելել նրանց, քանի՞ անգամ եք ձեր ղեկավարությանը՝ այդ ընտանեկան պետությանը, ասել, որ նրանք պետք է ազատ արձակվեն ոչ միայն եռակողմ հայտարարության, այլ նաև Ժնևի կոնվենցիայի դրույթներից ելնելով, և այն պատճառով, որ դրանք այս կազմակերպության արժեքներն են, և մենք կցանկանայինք լինել այս կազմակերպության հենքը:
Ես հասկանում եմ, որ բոլորդ հոգնել եք այս բանավեճից, բայց մենք ունենք մարդիկ՝ ողջ մարդիկ, որոնք ամեն օր ադրբեջանական բանտերում գտնվում են կտտանքների սպառնալիքի ներքո, և ոչ-ոք դրան չի արձագանքում. երբեմն ինձ թվում է, թե ես խոսում եմ, բայց ինձ ոչ-ոք չի լսում:
Շնորհակալություն և կներեք, չափազանց զգացմունքային ելույթի համար»,- ելույթը եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը: