ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նախարարը շնորհավորել է Իվա Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նախարարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և հիմնադրամի օժանդակությունը Հայաստանին կշարունակվի։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի կառավարության հետ գործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության զարգացման իր տեսլականը, կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և բարեփոխումները, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ այս տարի արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ, նաև անդրադարձել տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տարածաշրջանային զարգացումներին և տնտեսության վրա դրանց ազդեցությանը, տնտեսության արդիականացման միջոցառումներին, մակրոտնտեսական ցուցանիշներին, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, արտահանման դիֆերսիֆիկացման հնարավորություններին, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, բանկային համակարգին, ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը: