Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվել է հաստատել կամ հերքել տեղեկությունը, որի համաձայն՝ երկրի իշխանությունները մտադիր են ազգայնացնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի այն հատվածը, որն անցնում է երկրի տարածքով:
Der Spiegel-ը, վկայակոչելով աղբյուրներ, ավելի վաղ հայտնել էր, որ երկրի ֆինանսների նախարարությունը կարող է համապատասխան որոշում կայացնել։ Աղբյուրների համաձայն՝ նման քայլը որոշ տարածքներ կմիացնի Բալթիկ ծովում հեղուկացված բնական գազի տերմինալի հետ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիպոթետիկ է անվանել Գերմանիայի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազատարի մի մասի հնարավոր ազգայնացման մասին հայտարարությունները։
ԵՄ առաջնորդներն էլ մտադիր են Ռուսաստանին մեղադրել էներգետիկ ռեսուրսները քաղաքական նպատակներին հասնելու գործիք օգտագործելու համար՝ գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում նախապատրաստվող որոշման նախագիծը։