Պաշտոնական այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 24-ին հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային:
Պատվո մատյանում գրառմանը հաջորդել է Ալեն Սիմոնյան-Վոլֆգանգ Սոբոտկա առանձնազրույցը, որից հետո՝ ընդլայնված հանդիպումը:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ավստրիացի գործընկերոջը հրավերի համար և շնորհավորել Հայաստանի ու Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Կողմերը փաստել են, որ երեք տասնամյակի ընթացքում մեր երկրների միջև հաստատվել է փոխշահավետ, հուսալի համագործակցություն՝ հիմնված պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ավստրիայի հետ երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը նպաստող ձեռնարկումներին:
«Ես վստահ եմ, որ պատգամավորների միջև ամուր կապերն ու շփումները, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դերակատարություն ունեն հայ-ավստրիական երկկողմ օրակարգի առաջմղման գործում»,- հավաստել է նա:
Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Ավստրիա-Հայաստան առանձին բարեկամության խումբ ունենալու պարագայում առավել կամրանան միջխորհրդարանական կապերն ու հասցեականությունը:
Քննարկման առանցքում են եղել ԵՄ-ի, եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի հարաբերությունները, ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:
Վոլֆգանգ Սոբոտկան կարծիք է հայտնել, որ ժողովրդավարությունը պարգև չէ, այն ամենօրյա աշխատանքի արդյունք է: Նրա խոսքով՝ խաղաղությունն ու ժողովրդավարությունը պետք է պահպանել, ինչը նաև խորհրդարանների գործունեության առաջնահերթությունն է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմին հաջորդող իրավիճակին: Գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը հակիրճ ներկայացրել է պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ու առաջնային լուծումներ պահանջող խնդիրները:
Այս համատեքստում նա բարձր է գնահատել այս տարվա մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որը «վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ժխտման Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունը»:
«Ես անհամբերությամբ սպասում եմ Ավստրիայի խորհրդարանի կողմից նման բանաձևի ընդունմանը, որը վերաբերելու է զուտ մարդասիրական հարցերին, ինչպիսիք են 4 տասնյակից ավելի հայ ռազմագերիների և այլ կալանավորվածների ազատագրումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը և այլն: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկային հրավիրել է Հայաստան: