Բագրատ Գրիգորյան - Ամբողջովին տանիքը վերցրեց ու շպրտեց 30 մետր՝ հարևանի տան վրա:
Ամեն ինչ վայրկյանների ընթացքում եղավ՝ ասում է Ազատամարտիկների 32 հասցեում բնակվող Բագրատ Գրիգորյանը: 140 քառակուսի մետր տանիքը վնասել է նաև հարևանի կտուրը, հոսանքալարերն ու էլեկտրասյուները: Տունը նորակառույց է: Երեկվա ուժգին քամին Երևան էր մտել Էրեբունի վարչական շրջանի կողմից:
Առանձին դեպքեր են եղել նաև Արաբկիրում, Դավիթաշենում և Աջափնյակում՝ ասում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալը: Ժամը 19:40-ից մինչև 22:00-ը կենտրոնը վնասված տանիքների, տրանսպորտային միջոցների, կոտրված ծառերի, էլեկտրական լարերի պոկվելու 57 դեպքով 387 ահազանգ է ստացել: Րոպեների ընթացքում որոշում է կայացվել անցնել ուժեղացված ռեժիմի:
Արսեն Սարոյան (ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ) - Բոլոր դեպքերն ունեցել են նաև իրենց հաջորդող վնասների հետ կապված լրացուցիչ դեպքեր, այսինքն՝ օրինակ, եթե տանիքը պոկվել է, մենք ունեցել ենք նաև վնասված տրանսպորտային միջոցներ, եթե ծառը կոտրվել է կամ շրջվել է, նույնպես հետևանքներ ունեցել ենք:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Երևանի արևելյան և հարավային հատվածներում ուժգին ամպրոպը, տեղատարափ անձրևի ու կարկուտի ամպը ձևավորվել է Արարատ լեռան լանջերին, այնուհետև զարգանալով՝ շարժվել է դեպի Երևան. ուսումնասիրել ու տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն - Ամպրոպային ամպը եղել է գերհզոր գոյացություն: Գագաթի բարձրությունը հասել է 16, ուղղաձիգ հզորությունը՝ 13 կիլոմետրի, ամպի գագաթում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -60 աստիճան։ Ամպում առկա է եղել պտտահողմ, որը մայրաքաղաքի տարբեր հատվածներում տապալել է ծառեր, պոկել տանիքներ։ Երևանի մի շարք հատվածներում 20 րոպեի ընթացքում թափվել է ամսական տեղումների նորմայի չափ անձրև։
Տարվա այս ժամանակահատվածում նման ուժգնության ամպրոպներ Երևանում հազվադեպ են լինում և կրկնվում են միջինը տասը տարին մեկ անգամ։ Առաջիկա 5 օրերին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում պահպանվելու է՝ հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնից: Հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում, Հայաստանի տարածքը գտնվում է Սև ծովից եկող սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։