Կառավարությունը փոփոխություններ կատարեց համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգում. նախատեսվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում:
Դա հնարավորություն կտա իրականացման գործընթացը սկսել տարվա սկզբից, իսկ շինարարական աշխատանքները կմեկնարկեն անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։
«Կարծում ենք, որ սա մեծ փոփոխություն է: Այս տարի դժվար կլինի՝ հաշվի անելով 2022 թվականի մեծ ծավալը և 2023 թվականի հայտերը, բայց ոչինչ, այս տարի կանցնենք, պրոցեսը կսկսի աշխատել»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Հաջորդ փոփոխությունը, նախարարի խոսքով, համայնքների խոշորացմանն է վերաբերում:
«Նախատեսում ենք, որ այն համայնքներում, որտեղ կլինի խոշորացման գործընթաց, և ինչ-ինչ խնդիրներ առաջանան ավագանու չձևավորման, նիստերի չկայացման հետ կապված, բայց հաշվի առնելով, որ տրամադրված ենք համայնքներին աջակցել, հնարավորություն տանք նման համայնքներն այս ժամկետներից դուրս նորից կարողանան դիմել սուբվենցիոն հայտերի համար»,- ասաց նախարարը:
Մյուս փոփոխությունը կապված է գյուղական փողոցների սալարկման ուղղությամբ կատարվող աշխատանքների հետ:
«Փոխել ենք Կառավարության աջակցության տրամադրման չափը՝ 50-70 տոկոս»,- ասաց Սանոսյանը: