Հունիսի 23-ին Օսլոյում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նորվեգականը՝ ԱԳՆ պետքարտուղար Էիվինդ Վադ Պետերսսոնը։
Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև հունիսին նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-նորվեգական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման կարևորությանը՝ կողմերը դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնեցին։
Կողմերը ծանոթացան միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվեց երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում (NUPI):