ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։
Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձել են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Քննարկվել են նաև երկկողմ գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԿԱՊԿԻ ԾԱՂԿԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՄԱՎԱՐԱԿ
Առողջապահության համաշխարհային ցանցը կապկի ծաղկի տարածումը համավարակ է հայտարարել: Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվում է, որ 58 երկրում հաստատվել է վարակման շուրջ 3500 դեպք, հիվանդությունն ակտիվորեն տարածվում է:
«Վարակի բացասական ազդեցությունները մեղմելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և կանխել դրա տարածումը, քանի մահվան դեպքերը դեռ քիչ են»,- ասվում է հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ արտակարգ նիստ է հրավիրել՝ գնահատելու կապկի ծաղկի համաշխարհային վտանգը:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությանը՝ հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել նաև Վրաստանի եվրոպական հեռանկարին, սակայն նշել՝ գործնականում դա հնարավոր կլինի, երբ Թբիլիսին համապատասխանի Եվրահանձնաժողովի առաջնահերթություններին:
Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում։ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին վերջնական որոշումը կկայացվի Եվրամիության գագաթնաժողովում, որը կամփոփվի հունիսի 24-ին։
Վրաստանի վարչապետը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ իր երկիրն ավելի արժանի էր Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան ու Մոլդովան:
«Ես չեմ նախանձում ոչ մեկի հաջողությանը: Պետք է ընդունենք իրականությունը և շարունակենք հզորացնել մեր երկիրը»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
ԲՐԻՔՍ-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԲՐԻՔՍ գագաթնաժողովը:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԲՐԻՔՍ-ի երկրների գործակցությունը շարունակաբար ամրապնդվում է, ձևաչափի հեղինակությունը տարեցտարի աճում է:
«Միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին հավաքական արձագանք է հարկավոր։ Աշխարհում տնտեսական ճգնաժամի պատճառն առանձին պետությունների չմտածված, եսասիրական գործողություններն են»,- ընդգծել է Կրեմլի ղեկավարը։
Սի Ծինփինը համոզմունք է հայտնել, որ ԲՐԻՔՍ-ի երկրները պետք է միասին պայքարեն միակողմանի պատժամիջոցների և դրանց չարաշահումների դեմ:
«Կոչ ենք անում հրաժարվել սառը պատերազմի տրամաբանությունից և դաշինքային առճակատումից, նաև հորդորում ենք ապահովել մատակարարումների ու արտադրական գործընթացների շարունակականությունը»,- հայտարարել է նախագահը։
Նիստի ավարտին «հնգյակը» կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը:
ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Է
Իսրայելի արտգործնախարար 16 տարվա դադարից հետո առաջին անգամ Թուրքիայում է: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Յաիր Լապիդը հայտարարել է, որ երկու երկրները ցանկանում են հնարավորինս շուտ լուծել դեսպանների վերադարձի հարցը` հավելելով, որ կողմերը կարող են բարելավել քաղաքական և տնտեսական երկխոսության մակարդակը:
Թուրքիան և Իսրայելը հետ էին կանչել իրենց դեսպաններին 2010 թվականի դեպքերից հետո, երբ իսրայելական հատուկ նշանակության ուժերը գրավել էին թուրքական Mavi Marmara լաստանավը, որն ուղարկվել էր՝ ճեղքելու Գազայի հատվածի շրջափակումը։