ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բաքվում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը:
«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատականներով, զգալի առաջընթաց է գրանցել: Հայկական կողմի հետ մենք քննարկում ենք հարցերը, որ դեռ պետք է համաձայնեցվեն: Արդեն ուրվագծվում է ընդհանուր պատկերացումը, թե ինչպես հնարավորինս հարմարավետ ձևով կարող է լուծվել մեքենաների տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի որևէ արհեստական խոչընդոտ չստեղծվի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կնպաստի այդ աշխատանքին, մինչև արդյունքի հասնեն: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի շուտ հասնել արդյունքի:
«Մենք, այլ պայմանավորվածությունների համաձայն, պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցերով Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծված հանձնաժողովներին։ Այս առումով կան կոնկրետ առաջարկներ, որոնք ուրախ կլինեմ Ձեզ հետ քննարկել»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը։
Խոսելով խաղաղության ապագա պայմանագրի, դրա դրույթների մասին՝ Լավրովը նշել է, որ արդեն լսել են հայկական կողմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս հարցի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամությունը:
«Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,- նշել է դիվանագետը։