ԲԴԽ նախագահ, լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ խորհրդի որոշումն այսօր հրապարակվել է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ ԲԴԽ-ն դռնբաց նիստում, քննության առնելով հանձնախմբի մայիսի 18-ին խորհրդին ներկայացված՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որոշել է այն բավարարել:
Գագիկ Ջհանգիրյան (ԲԴԽ նախագահի պաշտոնակատար) - ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել: Որոշումն ընդունվել է հունիսի 16-ին: Ուղղակի այսօր հրապարակվում է:
Նշենք՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գ. Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, Մ. Մակյանը, Լ. Մելիքջանյանը, Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Ս. Չիչոյանը և Վ. Քոչարյանը։
Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի նաև հատուկ կարծիք։
Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Ըստ մեղադրանքի՝ զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի՝ արդարադատության իրականացմանը: