Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 23-25-ը Բրյուսելում մասնակցում է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջաններին:
Քննարկվել են ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների, հանձնաժողովների տարեկան հաշվետվությունները: Անդրադարձ է եղել նաև գալիք տարվա ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։
Նստաշրջանների շրջանակներում Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ, որի ընթացքում քննարկել է համագործակցության հեռանկարները, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ մաքսային ծառայությանը՝ ՀՄԿ կողմից տրամադրվելիք տեխնիկական աջակցությանը:
Կողմերը դիտարկել են նաև ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում ՀՀ մաքսային ծառայության ներկայացվածության հարցը: Նշենք, որ 2018-2022 թվականներին ՀՀ մաքսային ծառայությունը հանդիսանում է ՀՄԿ աուդիտի կոմիտեի անդամ։
Քննարկվել են նաև 2023թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովին կամ Ֆինանսական կոմիտեին Հայաստանի անդամակցելու հնարավորության վերաբերյալ հարցեր:
Քննարկումներին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՄԿ շնագիտական գլոբալ 6-րդ ֆորումը 2023 թվականին անցկացնել Հայաստանում: Ի դեպ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ ՊԵԿ շնագիտական կենտրոնին՝ ՀՄԿ տարածաշրջային շնագիտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու հարցին:
Հանդիպմանը դիտարկվել են նաև ՀՄԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների կոնֆերանսը 2023 կամ 2024 թվականին ՀՀ-ում կազմակերպելու, ինչպես նաև ԵՄ-ում և ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդի՝ ՀՄԿ քարտուղարությունում աշխատանքների կանոնակարգման հարցեր և այլն։
Ռուստամ Բադասյանը և Կունիո Միկուրիան ընդգծել են, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր հարթություն: