Դրամի նկատմամբ դոլարի և եվրոյի փոխարժեքի անկումով պայմանավորված՝ մարտից Հայաստանում որոշ ապրանքների գինը նվազել է: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վերջին դիտարկումներն է Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ներկայացրել կառույցի նախագահը:
Գեղամ Գևորգյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե դոլարի փոխարժեքի նվազումով ներմուծվող ապրանքների գինը չի նվազում: Հանձնաժողովն արդեն հրապարակել է նաև հաշիվ-ապրանքագրերով ներմուծման գները և պատրաստ է ստուգել նաև բորսայական գները: Դիզելային վառելիքի դեպքում, օրինակ, ամբողջ աշխարհում բորսայական գինն է բարձրացել, կարագի դեպքում հակառակ պատկերն է՝ հայտարարել է Գևորգյանը:
Նրա խոսքով՝ մարտ ամսից կարագի գնանկում է սկսել տեղի ունենալ:
«Նորզելանդական կարագի 1 կիլոգրամի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամ, «Անկոր» տեսակի կարագի գինը 5038 դրամից՝ 4690 դրամ: Խոսքը 2022 թ. մարտ-հունիսի մասին է»,- ասել է Գևորգյանը:
Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ նպատակ ունեն ներդնել այնպիսի մեխանիզմ, որ յուրաքանչյուրը կարողանա ստուգել՝ գների փոփոխությունը և շուկայի վրա ազդեցությունն իրավաչա՞փ է, թե՞ ոչ: