Հայկական գինիներն սկսել են վաճառվել արտերկրի սպասարկման ոլորտներում՝ ռեստորաններ, հյուրատներ: 2021-ի առաջին եռամսյակի համեմատ 2022-ի նույն ժամանակահատվածում քառասուն տոկոսով ավելացել է գինու արտահանումը: Գինի արտադրող հայկական ընկերությունները հաղթահարել են հետքովիդային ծանր իրավիճակը՝ ասում է «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրենը:
Զարուհի Մուրադյան («Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն) - Առաջին եռամսյակում արդեն ունենք 988 հազար լիտր արտահանում:
Տարվա կտրվածքով Հայաստանից արտահանվում է մինչև երեքուկես միլիոն լիտր գինի: Արտահանման վրա ազդել են Ուկրաինայի իրադարձությունները: Նախ՝ ռուբլու արժեզրկում, վերջին շաբաթներին էլ՝ դոլարի և եվրոյի տատանումներ: Սակայն իրավիճակը կարծես կարգավորում է` ասում է Զարուհի Մուրադյանը:
Զարուհի Մուրադյան - Վերականգնվել են արտահանումները, կարծում եմ՝ մինչև տարվա վերջ ավելի լավ արդյունքներ կունենանք:
Հայկական գինու սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է: Շուկայում ներկայացվածության տեսանկյունից 2021-ը հաջողված տարի է համարում «Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրենը: Եթե նախկինում ռուսական շուկայում ավելի շատ սպառվում էին հայկական մրգային գինիներ, հիմա արդեն նախընտրում են խաղողինը` ասում է նա:
Ի դեպ, գինեգործական ընկերությունները շատացել են. եթե 2018-ին Հայաստանում գործում էր 35 գինեգործական ընկերություն, դրանց թիվն արդեն հարյուրի է հասնում: Ընկերությունները պետք է շտապեն շատ արագ պայմանագրեր կնքել, քանի որ այս տարի անցած տարվա համեմատ կանխատեսում են խաղողի քիչ բերք:
Զարուհի Մուրադյան - 30 տոկոսի չափով պակաս կունենանք բերքը, որովհետև Վայոց ձորում ունեցել ենք կարկուտ, որի պատճառով վնասվել է բերքը, իսկ Արմավիրում՝ հիվանդության պատճառով թե ցրտահարության, դեռ չգիտենք, խաղողի բերքը պակաս է:
Հիմա փորձագետներն ուսումնասիրում են՝ որն է Արմավիրում որոշ այգիների չորանալու պատճառը: