Պարտատոմսերի շուկա, զարգացման հեռանկարներն ու մակրոտնտեսական կանխատեսումները: Երևանում աշխատանքն է սկսել ԱՊՀ երկրների պարտատոմսերի 18-րդ կոնգրեսը: Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները ներկայացվում են ԱՊՀ երկրներից երևան ժամանած 100-ից ավելի փորձագետների:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Մեր երկրի ֆինանսական շուկան շատ մեծ չէ, բայց զարգանալու մեծ ներուժ ունի: Մինչև 2018 թվականը մեր տնտեսությունը փակ էր և ոչ գրավիչ ներդրողների համար: Կար պետական հովանավորչության մեխանիզմը, որն անհավասար պայմաններ էր ստեղծում բիզնեսի համար: 2018-ից, երբ մենք բռնեցինք ժողովրդավարական զարգացման ուղին, Հայաստանում հնարավոր եղավ շահավետ և թափանցիկ բիզնես սկսել:
Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում տնտեսության բոլոր ճյուղերում, և վերջին տարիներին մի շարք ցուցանիշներով մեծ առաջընթաց ունենք՝ ընդգծեց Էկոնոմիկայի նախարարը:
Վահան Քերոբյան - «Թրանսփարենսի ինթերնեյշնլի»՝ կոռուպցիայի ընկալման համաթվով մենք 105-ից այսօր 49-րդ տեղում ենք: Տնտեսական ազատությունների ցուցանիշներով ևս դրական ցուցանիշներ ունենք: Այդ առումով մենք բաց ենք, հանդես ենք գալիս բիզնեսի շահերից և ամեն ինչ անում ենք մեր գործարար միջավայրը բարելավելու և ներդրումներ ներգրավելու համար:
Վահան Քերոբյանը ներկայացրեց սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում վերջերս արված հարցումների արդյունքները: Սփյուռքահայերի մոտ 74 տոկոսը ցանկանում է կամ պատրաստ է ներդրումներ իրականացնել Հայաստանում: Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ևս սկսել է ներդրումներ իրականացնել մի շարք ֆոնդերում, ինչը դրական կազդի տնտեսության վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանում արագ ձևավորվի պարտատոմսերի շուկան, և գործեն վենչուրային հիմնադրամները՝ նշեց Քերոբյանը:
Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի մոտ 65 տոկոսի ձեռքբերումը ևս դրական ազդեցություն կունենան ֆինանսական շուկայի վրա՝ ընդգծում է Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրենը:
Հայկ Եգանյան (Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն) - Սրանով փաստացի մենք մուտք ենք գործում կապիտալի մեծ շուկա, և մեր պարտատոմսերը եվրոպացի ներդրողների ուշադրության կենտրոնում են հայտնվում:
Հունիսի 27-ից Մոսկվայի բորսայի արժութային շուկայում կսկսվի հայկական դրամով առուվաճառքը: Սա ևս մեկ դրական քայլ է մեր ֆինանսական շուկայի համար, ասում է Հայկ Եգանյանը:
Հայկ Եգանյան - Դառնալու է շրջանառելի ռուբլու հետ դրամը, բնականաբար, առքուվաճառքի գների տարբերությունը կնեղանա, շուկան ավելի կխորանա և ավելի կանխատեսելի կարող է լինել:
Հայկական դրամով առուվաճառքից կշահեն հատկապես արտահանողները:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան