ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին:
Համակարգող խորհրդի հերթական ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման և վերադարձման, քրեական վարույթների շրջանակում գործարարության իրավունքների պաշտպանության, ծայրահեղականության և ահաբեկչության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ ոլորտներում ԱՊՀ անդամ երկրների փորձն ու դատախազությունների գործառույթները:
Նիստի օրակարգում են նաև անդամ երկրներում հանցավորության, դատախազական և քննչական գործունեության, հանցավորության դեմ պայքարում միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակի, Համակարգող խորհրդի՝ 2021 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև նախորդ տարիներին համակարգող խորհրդի կողմից հաստատված՝ առանձին ուղղություններով համագործակցության ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման, համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր:
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա գործընկեր առանձին երկրների գլխավոր դատախազների հետ: