Այս տարի լրանում է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 20-ամյակը։ Կառույցում Հայաստանի նախագահությունը համընկավ այս հոբելյանական տարվա հետ. մեր երկիրն այն ստանձնեց 2021թ․ սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո։ Պաշտոնական Երևանը իր նախագահության 1 տարվա համար հռչակել է նաև հստակ առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ ցուցաբերում է ակտիվ նախաձեռնողականություն:
Վիկտոր Բիյագով (ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ) - ՀՀ նախագահության առաջնահերթությունները ամենատարբեր ուղղվածության են՝ արտաքին քաղաքական, պաշտպանական, մարտահրավերների և սպառնալիքների հակազդման, վարչական և կազմակերպչական, խորհրդարանական համագործակցության, կազմակերպության հեղինակության բարձրացման և այլն։ Իմ կողմից նշված բոլոր ուղղություններով արդեն իսկ կատարվել է բավականին աշխատանք։
Հայաստանի հռչակած առաջնահերթությունները մշտապես ուշադրության կենտրոնում են կառույցի շրջանակում կազմակերպվող տարբեր մակարդակի նիստերի և հանդիպումների ընթացքում։ Երևանում օրեր առաջ տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը նույնպես բացառություն չէր: Նեղ կազմով, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով տեղի ունեցած քննարկումների ընթացքում քննարկվել են իրադրության զարգացման միտումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում և դրանց ազդեցությունն անդամ պետությունների անվտանգության վրա: Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային կարևորություն ունի կառույցի ճգնաժամային արձագանքի մեխանիզմների կատարելագործման հարցը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Մենք շոշափել ենք ճգնաժամային արձագանքի մեխանիզմների կատարելագործման հարցը, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է: Հունվար ամսին կազմակերպությունը ճիշտ ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, բայց մինչ օրս բաց է մնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված հարցը, որը սկսվել է 2021 թ. մայիսին:
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի պաշտպանության նախարար, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից արդեն հաստատվել է ճգնաժամային արձագանքման կատարելագործմանն ուղղված միջոցառումների հստակ ծրագիր։ Անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարբերաբար քննարկումներ են ունենում ծրագրի դրույթների կյանքի կոչման, հավաքական անվտանգության տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների և դրանց չեզոքացման եղանակների վերաբերյալ:
Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում գործընկեր պետությունների, ՀԱՊԿ քարտուղարության հետ, վստահեցնում է Բիյագովը՝ ընդգծելով բոլոր ուղղություններով արձանագրվել են փաստացի արդյունքներ:
Վիկտոր Բիյագով - Առաջին հատվածը նախագահության համարում ենք արդյունավետ և հուսով ենք, որ պայմանական երկրորդ հատվածում էլ կկարողանանք մաքսիմում իրագործել մեզ համար առաջնային խնդիրները:
Գրանցված արդյունքներով հայկական կողմը չի պատրաստվում սահմանափակվել՝ նշում է կառույցում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչը:
Առջևում մեծ ծավալի աշխատանք կա կատարելու։ Այս տարվա չորրորդ եռամսյակում Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների խորհուրդների և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը: