ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու նախաձեռնությանը՝ քվեարկության ավարտից հետո հայտնել է Եվրախորհրդարանի նախագահը։
«Փաստաթուղթը հաստատվել է ձայների ճնշող մեծամասնությամբ»,- պարզաբանել է Ռոբերտա Մեցոլան։
Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ է կրում։ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին վերջնական որոշումը կկայացվի Եվրամիության՝ հունիսի23-24-ը նախատեսված գագաթնաժողովում։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վստահություն էր հայտնել, որ Ուկրաինան և Մոլդովան Միությանն անդամակցության կարգավիճակ կստանան։ Վրաստանի հարցը կդիտարկվի ավելի ուշ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ շեշտել է, որ անդամակցության ճանապարհին Ուկրաինան դեռ լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնի։
ԿԻԵՎԻՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՅՏՆԻ Է. ՊԵՍԿՈՎ
Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի մշակումը հնարավոր կլինի, երբ Կիևը կատարի ռուսական կողմի բոլոր պահանջները՝ համոզմունք է հայտնել ՌԴ նախագահի խոսնակը։
Լրագրողների հարցին՝ մասնավորապես ինչ պահանջների մասին է խոսքը, Դմիտրի Պեսկովը պատասխանել է՝ «Կիևին ամեն ինչ հայտնի է»։
Ավելի վաղ՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան չի պատասխանել հնարավոր խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։ Ռուսական կողմի պնդմամբ՝ խաղաղությունն անհնար է առանց Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման, Լուգանսկի և Դոնեցկի, ինչպես նաև Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մասի ճանաչման:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԼՔԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 8 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ. ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 8 մլն մարդ։ 4 միլիոնից ավելի մարդ մեկնել է Լեհաստան։
Ռուսաստանն ընդունել է 1 մլն 300 հազար ուկրաինացի փախստականի, ինչպես նաև շուրջ 1 միլիոն մարդու Լուգանսկից և Դոնեցկից։ Երրորդ տեղում Հունգարիան է, չորրորդ տեղում՝ Ռումինիան։
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ից տեղեկացրել էին, որ ներքին տեղահանվածների թիվը նույնպես գերազանցել է 8 միլիոնը:
ԻՐԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Իրանը ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ բանակցային գործընթացին՝ միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար՝ հայտարարել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։
«Մենք կշարունակենք դիվանագիտական ջանքեր գործադրել, Վաշինգտոնը պետք է իրատեսական մոտեցում ցուցաբերի, որպեսզի ստեղծված իրավիճակը կարգավորվի»,- նշել է դիվանագետը:
Նախարարները դիտարկել են նաև վերջին զարգացումներն Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում, Պարսից ծոցի և Կասպից ծովի տարածաշրջանում։