Վերջին օրերին դպրոցական էքսկուրսիաների ժամանակ երեխաների մոտ արձանագրվել են սննդային թունավորման դեպքեր: Պատճառը շոգն ու սննդամթերքի պահման սխալ պայմաններն են:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Այս տարի ունեցել ենք երկու լոկալ բռնկում, որը պայմանավորված է եղել կոնկրետ էքսկուրսիաների ժամանակ սննդի պահպանման կանոնների խախտումով:
Երկու դեպքում էլ շոգին սննդամթերքը առանց սառնարանի՝ մեքենայի բեռնախցիկում դրված, տեղափոխվել է տարածքից տարածք՝ դառնալով երեխաների թունավորման պատճառ:
Գեորգի Ավետիսյան (ՀՀ ՍԱՏՄ ղեկավար) - Չի կարելի պարզապես գնել քաբաբի ֆարշ կամ հավի միս կամ ձու, դնել մեքենայի շոգ բեռնախցիկում ու դա դարձնել պարզապես թույն մեր ու մեր երեխաների համար:
Թունավորումներից խուսափելու համար պետք է ընդամենը պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները՝ նշում է Ավետիսյանն ու խորհուրդ տալիս օգտվել ճամփորդական սառնարան-պայուսակներից: Բացօթյա պայամաններում խորոված պատրաստելիս պետք է հետևել, որ մսի խոշոր կտորները եփվեն մինչև խորանիստ շերտերը:
Գեորգի Ավետիսյան - էս ժամանակահատվածում խնդրահարույց են կրեմային մթերքները, որ խորհուրդ ենք տալիս պարզապես խուսափել: Ինչքան էլ արտադրամասում լավ սարքած լինի, էս շոգին խանութից մինչև տուն հասցնելը, էդ կրեմային ապրանքը մենք կդարձնենք վտանգավոր մեր ընտանիքի համար:
Տեսչական մարմնից հորդորում են փողոցից մթերք չգնել, միրգ-բանջարեղենն էլ օգտագործելուց առաջ լվանալ հոսող ջրով: Պարզ կանոնները կօգնեն կանխել նախորդ տարվա համեմատ սննդային թունավորումների ավելացող դեպքերը:
Ռոմելլա Աբովյան - 2022-ի այս 5 ամիսներին Հայաստանում արձանագրվել է 3003 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 1.5 անգամ ավելի է: Ունենք 6 բռնկում այս ժամանակահատվածում, որից 3-ը սննդային ծագման:
Աբովյանը աճը պայմանավորում է հակահամաճարակային կանոնների պահպանման թուլացմամբ: Նրա խոսքով՝ նախորդ տարի քաղաքացիներն ավելի հետևողական էին, արդյունքում գրանցվել է տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ աղիքային վարակների թվի նվազում:
Ռոմելլա Աբովյան - Անկախ նրանից՝ մենք կորոնավիրուսային հիվանդության կայուն իրավիճակ ունենք թե ոչ, ձեռքերի հիգիենան, ախտահանումը շատ կարևոր է տարբեր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար:
Աբովյանը հորդորում է էքսկուրսիաներ գնալիս չմոռանալ ախտահանիչներ վերցնել, ՍԱՏՄ-ից խոստանում են՝ դպրոցներ շրջաբերականներ ուղարկել՝ ևս մեկ անգամ ուսուցիչներին ու էքսկուրսավարներին հիշեցնելու սննդամթերքի անվտանգության կանոնները: