Թուրքիայի հրշեջ ջոկատները երրորդ օրն անընդմեջ պայքարում են Մարմարիս առողջարանային քաղաքի մոտ բռնկված խոշոր անտառային հրդեհի դեմ՝ հայտնում է Associated Press-ը։
Մարման աշխատանքներին խոչընդոտում են քամու ուժգին պոռթկումները, ինչի պատճառով կրակն արագ տարածվում է։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 2,5 հազար հրշեջ, 45 ուղղաթիռ և 12 հատուկ սարքավորումներով ինքնաթիռ։
Անտառային տնտեսության նախարար Վահիտ Կիրշիչիի խոսքով՝ հրդեհից տուժել է մոտ 3000 հեկտար անտառ։ Հրդեհի երեք օջախի մոտ գտնվող բնակավայրերից տարհանվել է 275 մարդ։
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում հրկիզումը: