Հայաստանում հաշվառված թմրամիջոց օգտագործողների թիվը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասնում է 7570-ի: Հաշվառումն իրականացրել են Կախվածությունների բուժման ազգային կենտրոնն ու հանրապետության նարկոլոգիական ծառայությունները: 4694-ը հաշվառվել են կանաբիոիդների, այդ թվում այսպես կոչված սփայս, օգտագործելու համար:
Սուրեն Նազինյան (ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն) - 2868 հոգի հաշվառված են հունվարի 1-ի դրությամբ օպիոիդների օգտագործման հետ կապված, 8 հոգի կոկայինի օգտագործման հետ կապված: Տարիքային իմաստով ասեմ, որ 70 տոկոսը կազմում են 30-50 տարեկան անձիք, բայց վերջին շրջանում տեսանելիորեն մեծացել է թիվը երիտասարդների և երբեմն նաև դեռահասների շրջանում:
Թմրամիջոց օգտագործողների թվի աճի հիմնական պատճառն, ըստ մասնագետի, նոր սինթետիկ թմրամիջոցների տարածումն է: Դրանց հայտնաբերումը, դժվար է, իսկ հետևանքները՝ անդառնալի:
Գևորգ Փաշիկյան (ՀՀ ԱՆ հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու) - Բերում են շատ լուրջ հոգեկան խանգարումների՝ փսիխոզների ձևով և ընդհուպ թուլամտության: Հենց առաջին օգտագործման ժամանակ կարող են դիտվել էդ սուր հոգեկան խանգարումները, որոնց դեպում ստացիոնառ բուժումն անխուսափելի է:
2020 թվականից «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում»՝ առողջապահության նախարարության աջակցությամբ, բարեփոխումներ են իրականացվում՝ շենքային ու աշխատանքային պայմանների բարելավումից, լաբորատոր գերժամանակակից սարքավորումների ձեռքբերումից մինչև նոր ծառայությունների ներմուծում: Կենտրոնում թմրանյութերից կախվածություն ունեցողների բուժումն իրականցվում է անվճար:
Սուրեն Նազինյան - Սկսած 20 թվականից մեր բոլոր պացիենտներին անխնտիր առաջարկվում է դեղորայքային բուժմանը զուգահեռ նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն, այսինքն՝ հոգեբանի, առանձին սոցիալական աշխատակցի աջակցություն: Միևնույն ժամանակ նախարարի հրամանով՝մենք ստացել ենք արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն մատուցելու լիցենզիա:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ թմրամիջոցների վաճառքով զբաղվողների թիրախը դեռահասաներն են, իսկ առևտուրը մեծ մասամբ իրականացվում է համացանցի միջոցով:
Սուրեն Նազինյան - Որոշակի ինտերնետային հավելվածներ մեր իրավապահ մարմինների կողմից գրեթե անվերահսկելի են տարբեր պատճառներից ելնելով ու դա բերումա նրան, որ բուն տարածողը չի ինդետիֆիկացվում ու սա նոր մարտահրավեր է մեր իրավապահներին: Բայց վերջին շրջանում մեր իրավապահները կարողանում են լավ հակազդել:
Մասնագետների կարծիքով՝ թմրանյութերի օգտագործումը կանխելու ամենաարդյունավետ ճանապարհն իրազեկումն է, որը մասամբ իրականացվում է հանրակրթական դպրոցներում: Փաշիկյանը պնդում է՝ կարևոր է նաև շրջապատի աջակցությունը:
Բուժման ավարտին մասնագետները պացիենտի հետ հատուկ աշխատանք են տանում՝ կանխելու թմրանյութերի օգտագործման հետագա ռիսկերը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան