ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:
«20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, և ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, և, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, որը ներկայումս Ստրասբուրգի քաղաքապետն է:
Մեկ այլ հայ ուժեղ կին՝ Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչև 1921 թ.՝ նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը:
Ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբևէ, բայց դեռևս բավարար չէ. 35 տոկոս է: Բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` մենք ակտիվորեն մասնակցում ենք նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում:
Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին:
Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության և անվտանգության հարցերում:
Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին և մարտահրավերներին:
Ագրեսիվ պատերազմի հետևանքով Հայաստան է տեղահանվել և ապաստան ստացել ավելի քան 91 000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են:
Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց և աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց և աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին:
Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետևանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց և աղջիկների վրա:
Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները և հարևան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի և բռնության օգտին՝ գտնելով արդարացումներ»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը: