Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Արզումանյանը Երևանում երեկ մասնակցել է Doing Business: Armenia & Udmurtia համաժողովին, որին ներկա էին Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
Արմեն Արզումանյանը, ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և հյուրերին, նշել է․ «Այսօրվա գործարար համաժողովը մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ուդմուրթական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ գործարար կապերի հաստատման ու խորացման համար՝ դրանք վերածելով երկարաժամկետ, տնտեսապես փոխշահավետ գործընկերության»:
Ուդմուրթական Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միխայիլ Տումինն իր բացման խոսքում կարևորել է համաժողովի դերը երկու երկրների միջև գործընկերային հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից․ «Ուրախ եմ ողջունել բոլորիդ այս համաժողովին, կարծում եմ, որ այս ընթացքում հետաքրքիր գործարար կապեր կհաստատվեն մեր երկու երկրների միջև»։
Նա նաև ներկայացրել է իրենց երկրի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունը, ինչպես նաև Հայաստանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշները, նշելով, որ այս ոլորտում անելիքներ դեռ շատ կան։
Միջոցառման ընթացքում ուդմուրթական կողմի գործարարները ներկայացրել են իրենց կազմակերպությունների աշխատանքները, որոնք առնչվում էին մսի և կաթնամթերքի արտադրությանը, ալյումինագորության և մետաղագործության այլ տեսակներին և, հիմնականում, ՏՏ ոլորտներին։
Հանդիպման ավարտին Արմեն Արզումանյանը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքում ձեռք բերված կապերն ու պայմանավորվածությունները շուտով ավելի գործնական մակարդակի վրա կդրվեն։