Իրանում պաշտոնական այցի շրջանակում այցելել ենք Ղոմի կրոնների և դավանանքների համալսարան, հանդիպել նախագահի և ֆակուլտետների դեկանների հետ, ծանոթացել բուհի պատմությանը, գործունեության հիմնական ուղղություններին ու իրականացվող ծրագրերին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
«Երկու բուհերի միջև համագործակցային հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով Ղոմի կրոնների և դավանանքների համալսարանի նախագահ դոկտոր Սեյեդ Աբոլհասան Նավաբի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր։
Մեր նոր գործընկեր համալսարանի հետ այսուհետ իրականացնելու ենք ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրագործելու ենք հետազոտական համատեղ նախագծեր, կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ և կյանքի ենք կոչելու նոր գաղափարներ»,- տեղեկացրել է ԵՊՀ ռեկտորը: