ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը hունիսի 22-ին հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին առկա փոխգործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։
Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ դատական, ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտներում և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը՝ այդ գործընթացի բարեհաջող իրականացման ուղղությամբ։
Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսականներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։