ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՆԱՆ 40 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
2022-ի բյուջեի հարկային եկամուտները կավելացվեն 40 միլիարդ դրամով, միջոցները կուղղվեն պահուստային ֆոնդ: Երկրի գլխավոր ֆինանսիստի խոսքով՝ կիսամյակային հարկային եկամուտները նախատեսվածից ավելի են: Հունիսի 22-ի տվյալով՝ հարկային մուտքերը կազմել են 911 միլիարդ դրամ՝ 30 տոկոս ավելի՝ նախորդ տարվա ցուցանիշից:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոնով՝ հարկային վարչարարության բարելավումն է, 2021-ի արդյունքներով շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է: 3-րդ պատճառը խտանյութերի համար պետտուրքի գումարն է:
Մուտքերի ավելացումը թույլ կտա առաջիկայում սկսել կրթական, առողջապահական ենթակառուցվածքների այնպիսի ծրագրերը, որոնք պետք է մեկնարկեին 2023-ին: Վարչապետը նկատեց՝ 2022-ի պետբյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով հավաքագրումներն ավելի են մոտ 46 միլիարդ դրամով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հավելված ունենք պետական բյուջեում, որում նախատեսել ենք ծրագրեր, կապիտալ ծրագրերի մասին է խոսքը, որ բյուջետային շրջանակի մեջ չեն տեղավորվել, պահել ենք հենց էս դեպքերի համար: Կարծում ենք, որ բյուջեի եկամուտները արտառոց ոչինչ չպատահելու դեպքում էլի կավելանան: Հիմա նախարարություններից սպասում ենք, որ նոր ծրագրեր ներկայացնեն:
Վարչապետը հիշեցրեց մարզական կառույցների ստեղծման ծրագրերը: Երևանում կկառուցվի Արթուր Աբրահամի, Վանաձորում՝ Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը: Առաջարկվող նոր ծրագրերից բացի՝ Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց արագացնել կրթական 800 հաստատությունների, ջրամբարների, ճանապարհների կառուցման տեմպը:
Նիկոլ Փաշինյան - Խոսքը կապիտալ ներդրումների մասին է. որպեսզի ճիշտ ծախսենք, պետք է կապիտալ ներդրումներ իրականացնենք:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Պարոն վարչապետ, սրա շրջանակում մի առաջարկ. գոյություն ունեցող ծրագրերի ինտենսիվացման տարբերակ քննարկենք, եթե կա շինարարությունը, շինարարների հետ քննարկենք:
Նիկոլ Փաշինյան - Չեմ կարծում, թե մեր որևէ կապիտալ ծրագրի իրագործում ինչ-որ տեմպով է իրականացվում այն պատճառով, որ ֆինանսավորման խնդիր կա, հակառակը՝ բոլորը թերակատարվում են, դա մեր պրոբլեմն է: Չկա, որ շինարարի հետևից չենք հասնում, իրենք մեր հետևից չեն հասնում: Շինարարներ հարցազրույց են տվել, բողոքել, թե մեր գումարները չեն տրվել: Որևէ մեկը հույս չունենա, թե խոտանի համար պետությունը վճարելու է, բացառվում է:
Նախորդ շաբաթ Կառավարության նիստում վարչապետը կարևորեց նման դեպքերի համար գնումների գործընթացում որոշակի ռեյտինգավորման մեխանիզմի ներդրումը:
Նիկոլ Փաշինյան - Կներեք՝ դեպքեր կան, որ մարդիկ, այո, հաղթում են մրցույթները, հետո պատշաճ ու ժամանակին չեն իրականացնում, և Կառավարության լծակները սահմանափակվում են: 2018-ից ի վեր ոչ մի օր ոչ մի ֆինանսական խնդիր չենք ունեցել, գործնականում, բացի 2018-ից, հավաքագրումների տեմպը եղել է առաջանցիկ:
Փաշինյանը հիշեցրեց՝ 2020-ի քովիդի ժամանակ խնդիր կար, որ 2021-ի շահութահարկի հետ կապված հարցեր կարող են լինել, գործադիրը բիզնեսին օգնող կարգավորումներ մշակեց. վարչապետի գնահատմամբ՝ այդ որոշումներն օգնել են՝ 2022-ին ունենալ շահութահարկի գծով առավել մեծ հավաքագրումներ, քան կանխատեսվում էր:
Նիկոլ Փաշինյան - Մենք էսօր հնձում ենք այն, ինչ որ 2020-ին ցանել ենք: Հարկային համակարգն ավելի բարենպաստ ենք դարձնում բիզնեսի համար, արդյունքում պետական եկամուտներ հավաքագրում: Վերջին աշխատանքային քննարկման ժամանակ խոսել ենք, թե այս դեպքում գնաճը ինչքանով կարող է կապ ունենալ, կապ չունի, որ շահութահարկի հետ գործ ունենք: Գնաճի դեպքում եկամուտը շատացել է, այնքան էլ ծախսն է շատացել:
Նման հաջորդ օրինակը, որին պարբերաբար անդրադառնում ենք. մայիսին նոր ռեկորդ ունենք վճարովի աշխատատեղերի: Մայիսին բացարձակ ռեկորդ՝ արձանագրվել է 673 224 վճարովի ախատատեղ:
Մայիսի տվյալով՝ աշխատատեղերն ավելի են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով: 2018-ից ստեղծվել է ավելի քան 125 հազար աշխատատեղ:
Նիկոլ Փաշինյան - Հաջորդ կարևոր նորությունը, որն էլի ռեկորդային է, աշխատավարձի ֆոնդն է, այսինքն՝ բոլոր աշխատողներին վճարած աշխատավարձը մայիսին կազմել է 160 մլրդ 56 մլն դրամ, նախորդ մայիսի համեմատ ավելի է 4 միլիարդով, 2018-ի՝ 63 մլրդ 369 դրամով: Աշխատավարձային ֆոնդը 18-ից ի վեր 65 տոկոս ավելացել է:
Միջին ամսական աշխատավարձն ավելացել է 25 592 դրամով, կազմել 237 745 դրամ: Հաջորդ կարևոր ցուցանիշը եկամտային հարկի ընդհանուր գումարն է. կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով։
Նիկոլ Փաշինյան - Եկամուտների մասին, երբ որ խոսում ենք, ասում էսքան եկամուտ է եղել պետական բյուջե, պետք է արձանագրել, որ վերադարձված գումարները էդ թվի մեջ չեն հաշվառվում: Հայաստանում ավելի քնա 20 հազար ընտանիք տարվա ընթացքում լրացուցիչ 1 մլն դրամ և ավելի դրամ է ստանում պետությունից, Կառավարությունից:
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հավանություն տրվեց սուբվենցիոն ծրագրերում փոփոխություններին: Վարչապետն ավելի վաղ հանձնարարել էր վերանայել սուբվենցիաների նախապատրաստման ժամկետները՝ շինաշխատանքներն ավելի վաղ սկսելու համար:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Համայնքները մինչև հուլիսի 10-ը հաջորդ տարվա սուբվենցիոն հայտերը կներկայացնեն մարզպետարաններ: Վերջիններս էլ մինչև հուլիսի 15-ը կներկայացնեն նախարարություն: Գործընկերների հետ կշրջանառենք, կքննարկենք, հավանություն կտանք: Նախագծերի ներկայացման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ն է:
Խոշորացմամբ պայմանավորված՝ համայնքները կարող է չհասցնեն ներկայացնել սուբվենցիոն ծրագրեր: Նրանք կրկին դիմելու հնարավորություն կունենան: Գյուղական փողոցների սալարկման ծրագրերի համար գործադիրը կաջակցի ավելի մեծ չափով՝ 50-70 տոկոս: Փաշինյանը կարևոր համարեց շահագործվող օբյեկտների հետագա պատշաճ սպասարկումը:
Նիկոլ Փաշինյան - Փորձում ենք լավարկել համակարգը, որ սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն:
ՀՀ-Ի ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Կստորագրվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիր: Նպատակն է աջակցել Հայաստանում ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդման բարեփոխումներին:
Արայիկ Հարությունյան - ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120 միլիոն դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։
Ժողովրդավարության զարգացման առումով փաստաթուղթը ներառում է նաև ընտրական իրավունքի, ընտրական համակարգի բարելավումը:
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՎ
Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ թվային բարեփոխումներին՝ կարևոր համարելով ընտրությունների՝ անցկացումը անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով՝ նույնականացման քարտով:
Նիկոլ Փաշինյան - Անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, հենց որ ընտրական տեղամասում քարտը կարդացող սարքեր ունենանք, որ մանիպուլյացիաները ինստիտուցիոնալ առումով կլուծի, չնայած երկու ընտրություններին նման խնդիր չենք ունեցել: Այս հարցում որևէ լարվածություն բացառելու տեսական միջոցը հենց սա է, մաքսիմալ էլեկտրոնային ձևով անցկացնենք: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ներկայացել են և ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն:
ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԱԳ ԸՆԹԱՑՔ՝ ՀՐԱՏԱՊ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Որոշակի արտակարգ իրավիճակներում հրատապ կարիքների համար կապահովվի շինաշխատանքների արագ ընթացք: Դրանք ճանապարհներին, տրանսպորտային օբյեկտներին, շենք-շինություններին առնչվող դեպքերն են: Նոր ընթացակարգով գործընթացի ժամկետն առնվազն 4 ամսով կկրճատվի:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Գերատեսչությունները նախաորակավորման չափանիշներին համապատասխան բաց, անժամկետ հայտարարություն են հրապարակում կազմակերպությունների համար, որոնք պետք է իրեն հեղինակությունը, վարկը, բարքը հաստատող ապացույցներ ներկայացնելով՝ արժանանան նախաորակավորվելու:
Բացառիկ դեպքերի համար նախատեսված ընթացակարգը հետագայում հնարավոր է ընդհանրացնել՝ այդ եղանակով ռեյտինգավորելու, գնման գործընթացում բարեխիղճ ընկերություններին նախապատվության իրավունք տալու համար:
Նիկոլ Փաշինյան - Երբ պայթյուն էր եղել, մեկ տարի անց շինաշխատանք չէր սկսվել, դա եղավ վերջին կաթիլը, որ մեխանիզմ ունենանք: Ստեղծում ենք մեխանիզմը, որ ունենանք գործընկերների ցանկ՝ օր առաջ իրականացնելու շինարարությունը: Կարևոր է արագ արձագանքի համար:
«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ՝ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ
Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը: Դա ենթադրում է 300 հազար դրամը գերազանցելու դեպքում անկանխիկ վճարումների կիրարկում, որոշ ծառայությունների մասով՝ միայն անկանխիկ վճարում: Վարչապետը հորդորեց կաբինետին՝ տեղեկացնել որքանով են պատրաստ անցմանը:
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք փոխանցվում են միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն: Ժամկետների վերանայման հետ կապված հավելյալ կտեղեկացնենք:
Բուժհաստատություններում բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Պետությունը նման գործարքները ևս համարում է անկանխիկ գործառնություն: Հետագայում, եթե հնարավորություններն ընդլայնվեն, և մարդիկ ընտելանան անկանխիկ, քարտային վճարումներին, այդ հարցը ևս կվերանայենք՝ նշեց կենտրոնական բանկի ղեկավարը:
Մարտին Գալստյան - Ինչ վերաբերում է POS տերմինալներին և ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին՝ մեծ հաշվով, հարցը լուծված է այս պարագայում, որովհետև բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսվարողների բեռը, որ տնտեսվարողները պետք է վճարեն այդ տիպի սարքերի սպասարկման դիմաց: Օրինակ՝ գյուղական վայրերի դեպքում, եթե շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսվարողը տերմինալ, ՀԴՄ-ն սպասարկելու համար բանկին վճարելու է ամսական ընդամենը 1000 դրամ, Երևանում՝ բնականաբար, ավելի բարձր:
Կան մոտ 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց POS տերմինալի հնարավորությունը պետք է ակտիվացվի: Գալստյանի խոսքով՝ գերխնդիր է, որ մինչև հուլիսի 1-ը հասցնեն ամեն բնակավայրում ապահովել գոնե մեկ տերմինալ: Հուլիսի 1-ից նաև անշարժ գույքի և ավտոմեքենաների առուվաճառքը հնարավոր չի լինի իրականացնել կանխիկ:
Նիկոլ Փաշինյան - Սա կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է, որն ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքակրթական, և՛ հակակոռուպցիոն էական նշանակություն: Ստվերի կրճատման առումով էլ այն շատ մեծ նշանակություն ունի: Շատ կարևոր է, որ մենք այս բարեփոխումներն անենք:
Ուժի մեջ է մտնում նաև կենսաթոշակառուների և նպաստառուների անկանխիկ գործարքների 10 տոկոս հետվճարի կարգավորումը: