ՔՐԻՍՏԻՆԱ ՔՎԻՆԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին՝ հայտնում են Սպիտակ տնից: Քվինի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից:
Նա Ուկրաինայում դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2019 թվականից: 2016 - 2019 թվականները զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրենի պաշտոնները:
Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին նշանակվել է 2019 թ.։
Գերության մեջ գտնվող ուկրաինացի զինծառայողների թիվը կարող է հասնել շուրջ 2000-ի՝ հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
«Մեծ թվով ռազմագերիներ կան, որոնց անունները նշված են մեր գրանցամատյանում, բայց ռուսական կողմը ոչ բոլորի գերեվարման փաստն է հաստատում»,- պարզաբանել է նա։
Մայիսի վերջին Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը տեղեկացրել էր, որ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում պահվող ուկրաինացի գերիների թիվը գերազանցում է 8000-ը։
Վաշինգտոնը հավատում է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի առարկությունները ի վերջո կվերացվեն՝ հայտնել են ամերիկյան վարչակազմից:
Նշվում է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն գործակցում է Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի հետ, իսկ Շվեդիան և Ֆինլանդիան ուղղակիորեն աշխատում են Թուրքիայի հետ։
Սպիտակ տանն ընդգծել են՝ ակնկալում են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի արագացված ընթացակարգով անդամակցությունը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը, իր հերթին, հայտնել է, որ լավատեսորեն է տրամադրված Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ կառույցին միանալու հարցում:
«Առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ-ի մեկ կամ մի քանի դաշնակիցներ չեն համաձայնում թեկնածու երկրի հետ», - շեշտել է Ենս Ստոլտենբերգը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էլ դեմ է արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու դիմաց Թուրքիային զիջումներ անելու հնարավորությանը:
«Չգիտեմ՝ ինչ է ուզում Անկարան այդ երկրներից, բայց եթե մտնենք խաղի մեջ, մեզնից էլ ինչ-որ բան կփորձեն ստանալ», - մտահոգություն է հայտնել Ռոբերտ Մենենդեսը։
Թուրքիան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է դադարեցնել աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին, մասնավորապես՝ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, ինչպես նաև վերացնել Անկարայի նկատմամբ զենքի էմբարգոն:
Ռուսաստանի ղեկավարությունը Արևմուտքի ճնշման պայմաններում ամեն օր աշխատում է երկրի կայունությունն ապահովելու ուղղությամբ՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում:
«Բոլոր այն երկրները, որոնք զգում են Միացյալ Նահանգների եսասիրական գործելաոճի բացասական ազդեցությունը, պետք է վերանայեն իրենց տնտեսական կապերը և այլևս կախում չունենան արևմտյան գործընկերների քմահաճույքներից»,- համոզմունք է հայտնել դիվանագետը։
Էբրահիմ Ռաիսին էլ ընդգծել է, որ Մոսկվայի հետ գործակցության ամրապնդումն արդյունավետ միջոց է՝ դիմակայելու Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցներին: Նա միաժամանակ նշել է Ուկրաինայում պատերազմի շուտափույթ դադարեցման և առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
«Անկասկած, այս բախումների պատճառը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրանքներն են: Հարկավոր է արձագանքել Արևմտյան և Կենտրոնական Ասիայում, Կովկասում, այլ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի ընդլայնամն փորձերին»,- հավելել է Ռաիսին: Իրանի նախագահը շեշտել է նաև, որ Կասպից ծովի առափնյա տարածքներում անհրաժեշտ է բացառել օտարերկրյա ցանկացած ռազմական ներկայություն:
Անկարան և Ռիադը պայմանավորվել են գործակցության նոր փուլ սկսել՝ ասված է Ռեջեփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի՝ Թուրքիայում կայացած բանակցություններից հետո հրապարակված հայտարարության մեջ։
«Երկրի ղեկավարներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, պաշտպանական, մշակութային, ինչպես նաև նավթի վերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում», - նշված է փաստաթղթում:
Սա 2018 թվականին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում լրագրող Ջամալ Հաշոգիի սպանությունից հետո Մուհամմեդ բեն Սալմանի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա:
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին էլ տեղի է ունեցել Ռեջեփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա, որն առաջինն էր 2017 թվականից ի վեր։