ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Արսեն Թորոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Կողմերն անդրադարձել են մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները խոսել են նախկինում կատարված աշխատանքների մասին և քննարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեխանիզմներն ու ռեսուրսները, ինչպես նաև հետագա քայլերը:
Արսեն Թորոսյանը նշել է, որ հանդես է եկել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը փոփոխելու առաջարկով, որն այս պահին քննարկումների փուլում է:
Հյուրերը հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները և փորձառությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին` ծրագիրը կյանքի կոչելու համար: