Առատաշենցիներն իրենց համայնքը զարգացնելու և բարեկարգելու համար հիմնադրամ են ստեղծել: Նախաձեռնությանը միացել են նաև արտերկրում բնակվող համագյուղացիները: Առաջնային ներդրում պահանջող ծրագրերից էր մանկապարտեզի վերանորոգումը՝ տանիքից մինչև սանհանգույց: Հանգանակությանը միացել են նաև գեղարվեստի դպրոցի սաները:
Վարանդ Քեշիշյան (նկարչության ուսուցիչ) - Այս ձևով երեխան մասնակցում է իր գյուղի զարգացման աշխատանքներին և խորանում է իր արվեստի մեջ:
Աշոտ Մկրտչյան («Առատաշեն» հիմնադրամի փոխտնօրեն) - Վերանորոգել ենք տանիքը, դահլիճը, կանաչապատել ենք տարածքը՝ ջրով, խաղահրապարակով:
Վերանորոգման աշխատանքներին մասնակցել է գրեթե ամբողջ համայնքը: Տղամարդիկ հերթափոխով մասնակցել են շինարարությանը, կանայք` կերակուր պատրաստել նրանց համար, երիտասարդները արել՝ ինչ պատահի:
Գրիգոր Գրիգորյան (Առատաշենի բնակիչ) - Հողաթափում, քարերի տեղափոխում, ջրում. ամեն ինչին մասնակցել ենք:
Ճեմուղիներով, կանաչապատ այս բակը նախկինում չոր ու ամայի էր: Որպեսզի երեխաները նաև դրսում խաղալու հնարավորություն ունենան, հիմնադրամը տարածքը մաքրել, մշտադալար խոտ է ցանել, նստարաններ ու տաղավարներ տեղադրել, խաղահրապարակ կառուցել, մարզագույք ձեռք բերել: Նորոգել է նաև խմբասենյակներն ու ննջարանները:
Նվարդ Խաչատրյան (Առատաշենի մանկապարտեզի տնօրեն) - Բոլոր պայմաններն ստեղծված են, որ փոքրիկներն իրենց օրը անցկացնեն հետաքրքիր և բովանդակալից:
Մանկապարտեզի գույքը ևս նոր է: Այդ հարցում էլ օգնության ձեռք են մեկնել բարեգործական կազմակերպությունները: Պարտեզ հաճախելու մեծ հերթ է գոյացել:
Լուսինե Ղազարյան (դաստիարակչուհի) - Այն ժամանակ պայմանների պատճառով ծնողները երեխաներին չէին բերում, հիմա որ տեսնում են սարքած, կահավորած է, բերում են:
Հիմնանորոգված մանկապարտեզը, սակայն, համայնքի ոչ բոլոր փոքրիկներին կարող է ընդունել, առայժմ՝ միայն 75 երեխայի: Մյուս մասնաշենքը, որ առաջիկայում կվերանորոգվի պետություն-համայնք համաֆինանսավորմամբ, ևս երկու խումբ բացելու հնարավորություն կտա: Խմբասենյակների գույքն արդեն կա. հիմնադրամը գնել-պահեստավորել է:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Այս տարի սուբվենցիոն ծրագրով արդեն նախատեսված է մանկապարտեզի մեկ այլ հատվածի հիմնանորոգումը, որը հնարավորություն կտա մանկապարտեզ հաճախող երեխաների կարիքները ծածկելու:Այս տրամաբանությամբ մենք վերաբերվում ենք բոլոր բնակավայրերին, և կարծում եմ՝ առաջիկայում նման ենթակառուցվածքների խնդիր չենք ունենա:
Մարզպետի կարծիքով՝ հիմնադրամները պետություն-համայնք համագործակցության լավ օրինակ են: Առատաշենը, օրինակ, գյուղում խելացի կանգառ էլ է կառուցել, աղբարկղեր տեղադրել: Եվս 4 կանգառ կտեղադրի առաջիկայում: Կնորոգի, կկահավորի նաև դպրոցի մարզադաշտը: