Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից հացահատիկ չի գողացել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի և արևմտյան երկրների համապատասխան մեղադրանքները։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ Նրա խոսքով՝ ուկրաինական նավահանգիստներից նավերը անվտանգ դուրս բերելու համար Կիևը պետք է «առաջին հերթին ականներից մաքրի այդ նավահանգիստները»։
Բացի դրանից՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Դանուբի երկայնքով հնարավոր է ցորեն արտահանել Ռումինիայի, ինչպես նաև Հունգարիայի և Լեհաստանի տարածքով։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո հայտարարել է.
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ որևէ կապ չկա Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականացման և պարենային ճգնաժամի միջև։ Դա արդեն գիտակցում են ԱՄՆ կառավարության անդամները, պարենային անվտանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները»,- Լավրովի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Լավրովը հավելել է, որ «Ռուսաստանը երաշխավորում է միջազգային ջրերում դեպի Բոսֆոր նավերի երթևեկության անվտանգությունը, Կիևը պետք է ընդամենը լուծի Սև ծովի իր նավահանգիստների ականազերծման խնդիրը»։