Կառավարությունն ընդունել է «Էկվադորի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Էկվադորի Հանրապետության քաղաքացիները կարող են այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում՝ ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանից այդ երկիր քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը:
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Էկվադորի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը պայմանավորված է ՀՀ և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Էկվադորի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Էկվադորի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը գրեթե բոլոր պետությունների պարագայում: Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրեր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ:
Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ: Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։ Էկվադորի հետ վիզային ռեժիմի վերացումը հաջորդական կարևոր քայլ է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի պետությունների քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով:
Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների փոխանցման մասով փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած իրավիճակում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ հաշվարկների իրականացման և միմյանց բյուջեներ փոխադարձ փոխանցելու անհրաժեշտությամբ։ Արձանագրությունը ստորագրումը թույլ կտա առկա իրավիճակում անխափան իրականացնել ԵԱՏՄ անդամ երկրների միջև ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկները։