ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի՝ 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
Նշենք, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022 թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 32 տարեկան:
Նախնական տվյալներով, դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: